2026 թվականի հուլիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել չորս անձի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Գործն առաջին անգամ է ստացվել դատարան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Դեպքի հանգամանքները
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դերենիկ Բաբկենի Գևորգյանը 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը՝ հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։
Ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի հաշվեկշռում առկա է 2,22 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս, նա, ըստ մեղադրանքի, նպատակադրվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելու եղանակով, ապօրինի և անհատույց իրենը դարձնել 17.940.000 դրամ շուկայական արժեքով այդ հողամասը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա արդյունքում Արտավազ համայնքին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, կատարվել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք։
Ռեմ Հարազատի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2000-2017 թվականներին զբաղեցնելով Արտավազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցիչ և կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Արտավազ համայնքին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Դերենիկ Գևորգյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ օրինականացնելու հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը։
Քաջիկ Սուրենի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Դերենիկ Գևորգյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ օրինականացնելու հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը։
Սամվել Իգրամի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի գրանցման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Արտավազ համայնքին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, և կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ո՞ր հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը
Դերենիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
Ռեմ Հովհաննիսյանին՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
Քաջիկ Մարգարյանին՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
Սամվել Գրիգորյանին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
Ի՞նչ խափանման միջոց է կիրառվել
Դատարանը չորս մեղադրյալի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառել է բացակայելու արգելք, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։