Radar Armenia-ն «Ռետրո» խորագրի ներքո ներկայացնում է «Առավոտ» օրաթերթի՝ 2001թ. հոկտեմբերի 26-ի համարի հրապարակումներից մեկը՝ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու լրագրողի երկխոսությունը։
«Հանրապետության նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն «Առավոտ»-ն ունենում է միայն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշում է վարել կառավարության հերթական նիստը։ Երեկ նման օր էր։ Սակայն, հարցերի շրջանակն ակնհայտորեն «որոշված» էր և դժվար էր պատնեշը ճեղքել և հարց ուղղել։ Այնուամենայնիվ, այդ բանը մեզ մի կերպ հաջողվեց և ինչո՞ւ չէ, նաև ի պատիվ նախագահ Քոչարյանի, կարելի է փաստել, որ նա չխուսափեց մեր հարցից։
– Սովորաբար ասվում է, թե ուժեղ ընդդիմություն ստեղծվում է այն երկրում, որտեղ կա ուժեղ իշխանություն։ Նկատի ունենալով այն, որ Հայաստանում ընդդիմությունն ուժեղանում է, կարելի՞ է փաստել, որ հետևաբար՝ իշխանությունն է ուժեղ։
– Իսկ ո՞վ ասաց, թե ընդդիմությունը ուժեղանում է։
– Համենայն դեպս, մի շարք քաղաքական ուժեր միասնաբար են հանդես գալիս, կոնկրետ կոչեր են արվում, սպասվում է լուրջ հանրահավաք։
– Գիտեք, չի կարելի ընդդիմություն անվանել այն ուժերը, որոնք չեն միանում գաղափարախոսության շուրջ։ Գիտեք, եթե ուժերին միավորում է չարությունը, ապա այդ ուժերը չեն կարող ուժեղ լինել։
– Դուք, իրոք, կարծում եք՝ նրանց չարությո՞ւնն է միացնում։
– Համենայն դեպս, ես որևէ ծրագիր, ընդհանուր, բացի Քոչարյանի դեմ արված հայտարարությունները, ևս չեմ տեսել։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ»
