Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է կարգավորել բնակելի և ոչ բնակելի տարածքների գործառնական նշանակության փոփոխության գործընթացը։
Նախագծով նախատեսվում է սահմանել միասնական ընթացակարգեր, անհրաժեշտ փաստաթղթերի հստակ ցանկ, իրավասու մարմինների լիազորություններ, ինչպես նաև տարածքների անվտանգությանն առնչվող պարտադիր տեխնիկական և քաղաքաշինական պահանջներ։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների գործառնական նշանակության փոփոխության միասնական, ամբողջական և իրավաբանորեն հստակ կարգավորման բացակայությամբ։
Ներկայումս նման հարաբերությունները կարգավորվում են տարբեր նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև քաղաքաշինական, տեխնիկական, սանիտարական և հրդեհային անվտանգության բազմաշերտ պահանջներով, որոնք հաճախ կիրառվում են մասնատված և ոչ միասնական ձևով, ինչը առաջացնում է իրավակիրառական դժվարություններ։
Արդյունքում՝ անհրաժեշտ է ստեղծել միասնական օրենք, որը կսահմանի՝
- գործառնական նշանակության փոփոխության հստակ ընթացակարգ,
- իրավասու մարմինների լիազորությունները,
- փաստաթղթերի ներկայացման միասնական պահանջներ,
- սահմանափակումներ և բացառություններ,
- տեխնիկական և անվտանգության պարտադիր չափանիշներ։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Իրավական ակտի նախագիծը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝
- օրինականության և իրավահավասարության ապահովում,
- քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն,
- քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության առաջնայնություն,
- շրջակա միջավայրի և բնակելի միջավայրի պահպանություն,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակ տարանջատում,
- ընթացակարգերի թափանցիկություն և կանխատեսելիություն։
Նախագծով սահմանվում են՝
- Հիմնական հասկացություններ
Ներկայացվում են «բնակելի տարածք», «ոչ բնակելի տարածք», «գործառնական նշանակություն», «նորմատիվատեխնիկական պահանջներ», «միջգերատեսչական հանձնաժողով» և այլ հիմնական հասկացություններ։
- Բնակելի տարածքների ոչ բնակելի տարածքների փոխակերպում
Սահմանվում են՝
- փոխակերպման հիմքերը և պայմանները,
- թույլատրելի դեպքերը,
- սահմանափակումները (հարկային, կառուցվածքային, սոցիալական և իրավական),
- փաստաթղթերի ներկայացման կարգը,
- իրավասու մարմինների դերակատարումը։
Ոչ բնակելի տարածքների բնակելի տարածքների փոխակերպում
Նախատեսվում են՝
- տեխնիկական հնարավորության պարտադիր գնահատում,
- նախագծանախահաշվային պահանջներ,
- համայնքի ղեկավարի որոշման հիմքով կարգավորում,
- բնակիչների իրավունքների պաշտպանության երաշխիքներ։
Փաստաթղթային և ընթացակարգային պահանջներ
Սահմանվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ՝ ներառյալ՝
- սեփականության իրավունքի փաստաթղթեր,
- տեխնիկական անձնագրեր,
- պետական վերահսկող մարմինների եզրակացություններ,
- նախագծային փաստաթղթեր և համաձայնություններ։
Սահմանափակումներ և արգելքներ
Նախատեսվում են հստակ արգելքներ՝ կապված՝
- բնակելի տարածքների սոցիալական նորմերի խախտման,
- վթարային և խարխուլ շենքերի,
- սանիտարական և անվտանգության ռիսկերի,
- հատուկ վտանգավոր գործունեության տեսակների տեղակայման հետ։
Տեխնիկական և քաղաքաշինական պահանջներ
Սահմանվում են պահանջներ՝
- մուտքերի կազմակերպման,
- բեռնման/բեռնաթափման գոտիների,
- տանիքների օգտագործման,
- նկուղային և ստորգետնյա տարածքների օգտագործման,
- հրդեհային անվտանգության և սանիտարական նորմերի ապահովման վերաբերյալ։
Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի կարգավորման առարկան հանդիսանում է ՀՀ տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների փոխակերպման (գործառնական նշանակության փոփոխության) իրավական հարաբերությունների կարգավորումը՝ անկախ սեփականության ձևից։
Նախագծի հիմնական նպատակներն են՝
- ապահովել քաղաքաշինական գործընթացների իրավական կանխատեսելիություն,
- բարձրացնել բնակելի շենքերի անվտանգության և շահագործման մակարդակը,
- սահմանել միասնական տեխնիկական և իրավական պահանջներ,
- պաշտպանել բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը,
- ապահովել տարածքների արդյունավետ օգտագործում։
Իրավական ակտի ընդունումը կապահովի՝
- միասնական և կանխատեսելի վարչարարական պրակտիկա,
- քաղաքացիների դիմումների արդյունավետ և թափանցիկ քննարկում,
- քաղաքաշինական անվտանգության մակարդակի բարձրացում,
- ապօրինի վերապլանավորումների և չարտոնված օգտագործման նվազեցում,
- համայնքային վերահսկողության արդյունավետության բարձրացում։
Նախագծի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն՝
- կբարձրացնի բնակելի միջավայրի անվտանգությունը,
- կկանխի բնակիչների իրավունքների խախտումները,
- կապահովի բազմաբնակարան շենքերում համակեցության կանոնների պահպանումը,
- կնպաստի քաղաքային տարածքների հավասարակշռված զարգացմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և համայնքների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Օրենքի նախագծի ընդունումը նախատեսում է՝
- վարչական ընթացակարգերի կազմակերպման շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների վճարների սահմանում,
- լրացուցիչ պետական բյուջետային ծախսերի էական աճ չի կանխատեսվում,
- հնարավոր է լրացուցիչ մուտքերի ձևավորում վարչական ծառայությունների միջոցով։
Այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի Քաղաքաշինության կոմիտե բաժնի 3.2-րդ կետից: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ Կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների և թույլտվությունների տրամադրման համակարգերի առավելագույնս պարզեցում, ինչպես նաև թվայնացման, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար:
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին
Նախագիծը տեղադրված է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։