Երկու օրում 224 համարանիշ է վաճառվել՝ 234,4 մլն դրամով

Պահանջարկ ունեցող ավտոհամարանիշների նոր չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո ընդամենը երկու օրում Հայաստանի բնակիչները ձեռք են բերել 224 համարանիշ՝ դրանց համար վճարելով ընդհանուր 234 միլիոն 400 հազար դրամ։

Այս մասին հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ նշելով, որ նոր չափորոշիչները սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ համարանիշների արժեքը՝ ներքին գործերի նախարարի հրամանով։

Նրա խոսքով՝ խոսքը չի վերաբերում առանձնապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշներին, որոնք, ինչպես նախկինում, տրամադրվում են բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Մարանդյանը պարզաբանել է, որ առանձնապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշները բաղկացած են հինգ զրոյից և երկու լատինատառից կամ չորս զրոյից, մեկ թվանշանից և երկու տառից։ Իսկ պահանջարկ ունեցող համարանիշները ներառում են երկու զրո (իրավաբանական անձանց դեպքում՝ երեք), երկու տառ և երեք թվանշան, ընդ որում՝ կրկնվող թվերի դեպքում դրանց արժեքն ավելի բարձր է։

Նրա ներկայացմամբ՝ առանձնապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների արժեքը տատանվում է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։ Օրինակ՝ «00 + երկու տառ + երեք թիվ» համակցությունն արժե 250 հազար դրամ, իսկ «երկու թիվ + երկու տառ + 000» համակցությունը՝ 600 հազար դրամ։ Այս չափորոշիչները վերաբերում են միայն յոթ նիշ ունեցող (հինգ թիվ և երկու տառ) ավտոմեքենաների համարանիշներին։

ՆԳՆ գրանցման և քննական ծառայությունների, թույլտվությունների ու լիցենզավորման բաժնի պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը հայտնել է, որ պահանջարկ ունեցող համարանիշները հնարավոր է ձեռք բերել մեքենայի հաշվառման ընթացքում։ Նրա խոսքով՝ մեքենայի վաճառքից հետո համարանիշները մինչև վեց ամիս կարող են պահպանվել նախկին սեփականատիրոջ մոտ, որպեսզի դրանք օգտագործվեն նոր մեքենայի հաշվառման համար կամ փոխանցվեն մերձավոր ազգականին։ Եթե այդ ժամկետում համարանիշները չեն օգտագործվում, դրանք վերադարձվում են ընդհանուր բազա և կրկին դրվում վաճառքի։

Գևորգյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի փետրվարի 1-ից անցկացվող առանձնապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդներից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ։ Այդ ընթացքում վաճառվել է 49 համարանիշ։

Նա նաև տեղեկացրել է, որ նոր չափորոշիչների հաստատումից հետո առաջին երկու օրում վաճառվել է 224 պահանջարկ ունեցող համարանիշ, որոնց դիմաց քաղաքացիները վճարել են ընդհանուր 234 միլիոն 400 հազար դրամ։ Ամենամեծ պահանջարկը գրանցվել է 600 հազար դրամ արժողությամբ կատեգորիայում։

Ասուլիսի ընթացքում նաև նշվել է, որ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների համարանիշները չեն դասվում ո՛չ պահանջարկ ունեցող, ո՛չ էլ առանձնապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքին և տրամադրվում են սովորական համարանիշի արժեքով՝ 12 հազար դրամ։

Leave a Comment