Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պնդում են, որ երկրի հյուսիսում գտնվող Ալ-Ջավֆ նահանգում խոցել են Սաուդյան Արաբիայի սեփականության տակ գտնվող «Bayraktar Akinci» հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հութիներին «հաջողվել է խոցել սաուդյան թշնամուն պատկանող թուրքական արտադրության «Bayraktar Akinci» հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական գործողություններ էր իրականացնում Ալ-Ջավֆ նահանգի օդային տարածքում»։ Սարիան հավելել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է «համապատասխան զենքերով»։