Անձը ստացել է 4 հազար դոլար՝ զինվորական ծառայությունից ազատելու խոստման դիմաց. գործը դատարանում է

Հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված քրեական գործը, որը նախաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Մ․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ ունենալով որոշակի հարաբերություններ, դրանցով պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, Դ․ Մ․-ի օգտին հովանավորչություն կատարելու’ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնականապես ազատվելու համար շահադիտական’ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը և Ե․ Մ․-ից ստացել խոշոր չափերով’ 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք’ 1.540,000 ՀՀ դրամ գումար:

Ե․Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իր ներկայացրած անձի՝  որդու՝ Դ․ Մ․-ի օգտին, իրավասու պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության համար կաշառք տալու շուրջ, սակայն կաշառք տալու մտադրությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել’ կաշառքի առարկան պաշտոնատար անձի չփոխանցվելու հանգամանքով պայմանավորված:

Մ․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, ինչպես նաև համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, բացակայելու արգելք և գրավ։ Ե․ Մ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment