ԿԳՄՍՆ-ն փոխում է թանգարանային աշխատողների որակավորման չափանիշները

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխել թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման գործող չափանիշները։ Նախագծով նախատեսվում է վերանայել կրթության, փորձի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով թանգարանների ժամանակակից գործառույթներին և ոլորտի զարգացման նոր ուղղություններին։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները՝ դրանք դարձնելով առավել հստակ, կիրառելի և համապատասխան թանգարանային ոլորտի ներկայիս կազմակերպական կառուցվածքին և գործառույթներին։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն հրամանով սահմանված թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշների կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պայմանավորում են դրանց վերանայման անհրաժեշտությունը։

Մասնավորապես, գործող կարգավորումներում առանձին պաշտոնների համար սահմանված մասնագիտական որակավորման պահանջները լիարժեք չեն արտացոլում թանգարանների գործունեության ժամանակակից կառուցվածքն ու գործառույթները, առկա են չափազանց մանրամասն կամ կրկնվող պահանջներ, ինչպես նաև տարբեր պաշտոնների նկատմամբ կիրառվող ոչ միատեսակ մոտեցումներ։ Որոշ դեպքերում կրթության, մասնագիտական փորձի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ պահանջները չեն համապատասխանում տվյալ պաշտոնների իրական գործառույթներին կամ անհարկի սահմանափակում են համապատասխան մասնագետների ներգրավման հնարավորությունը։

Միաժամանակ, գործող չափանիշներում առկա են իրավական ակտեր և մասնագիտական գիտելիքների պահանջներ, որոնք ծանրաբեռնում են իրավական ակտը և դժվարացնում դրա կիրառումը՝ առանց հավելյալ կարգավորող նշանակության։

Բացի այդ, վերջին տարիներին թանգարանների գործունեության մեջ էապես ընդլայնվել են կրթական, հաղորդակցական, ցուցադրական, թվայնացման, միջազգային համագործակցության, ծրագրերի կառավարման և այլ ուղղությունները, ինչը պահանջում է մասնագիտական որակավորման չափանիշների վերանայում և համապատասխանեցում ոլորտի զարգացման արդի պահանջներին։

Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող չափանիշները՝ դրանք դարձնելով առավել հստակ, ճկուն, տրամաբանական և կիրառելի, ապահովելով պաշտոնների նկատմամբ ներկայացվող պահանջների համաչափությունը, բացառելով անհարկի կրկնությունները և համապատասխանեցնելով դրանք թանգարանների գործունեության ներկայիս կազմակերպական և մասնագիտական առանձնահատկություններին։

  Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի Նախագծի նպատակն է կատարելագործել թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը թանգարանների գործունեության ժամանակակից պահանջներին, պաշտոնների գործառույթներին և ոլորտի զարգացման միտումներին։

Կարգավորմամբ նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել մասնագիտական որակավորման պահանջները, վերացնել իրավական ակտում առկա կրկնությունները և անհարկի բարդ ձևակերպումները, միատեսակեցնել պաշտոնների նկատմամբ կիրառվող մոտեցումները, ինչպես նաև վերանայել կրթության, մասնագիտական փորձի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով տվյալ պաշտոնների իրական գործառույթներին։

Վերանայվել են իրավական ակտերի և միջազգային փաստաթղթերի վերաբերյալ գիտելիքների պահանջները, պահպանելով միայն այն նորմերը, որոնք անմիջականորեն առնչվում են տվյալ պաշտոնի լիազորություններին, ինչի արդյունքում նվազեցվել են անհարկի կրկնությունները:

Հստակ տարանջատվել են ղեկավար, մասնագիտական և տեխնիկական պաշտոնների համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները, ինչի շնորհիվ յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանվել են տվյալ աշխատանքի իրական բովանդակությանը համապատասխան պահանջներ:

Փոփոխությունները միտված են նաև ընդլայնելու համապատասխան մասնագետների ներգրավման հնարավորությունները, բարձրացնելու մասնագիտական որակավորման չափանիշների կիրառելիությունը և ապահովելու դրանց միասնական ու կանխատեսելի կիրառումը թանգարաններում։

Կարգավորման բնույթը կատարելագործող (բարելավող) է և չի սահմանում նոր իրավական հարաբերություններ կամ լրացուցիչ վարչական բեռ։ Այն ուղղված է գործող իրավական կարգավորման հստակեցմանը, արդիականացմանը և գործնական կիրառման արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով թանգարանային ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման և մասնագիտական գնահատման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն հրամանով առաջարկվող փոփոխությունները միտված են թանգարանային ոլորտում մասնագիտական որակավորման չափանիշների արդիականացմանը, իրավական կարգավորման հստակեցմանը, վարչարարության պարզեցմանը և թանգարանային հաստատությունների կադրային քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

  • Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  • Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:

Առաջարկվող կարգավորումը թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշների արդիականացմամբ և կատարելագործմամբ կնպաստի թանգարանների մարդկային ռեսուրսների զարգացմանը, կառավարման արդյունավետությանը և ժամանակակից գործառույթների իրականացմանը համարժեք մասնագիտական ներուժի ձևավորմանը։

Այլ տեղեկություններ.

Չկան, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment