300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ

Կառավարությունը ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա  խնդիրները կարգավորելու նպատակով։

 Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։

Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։

 Առաջարկվում է որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Leave a Comment