
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում հանդիպման ժամանակ քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը։
ՌՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ անդրադառնալով Ուկրաինայի հարցին, Լավրովը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է «Կիևի ռեժիմին հետագա զինելու անթույլատրելիությունը և եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը, որոնք շարունակում են ձգտել «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին»։
Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է հավատարիմ մնալ այն առաջարկներին, որոնք ամերիկյան կողմը ներկայացրել էր Անքորիջում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, և որոնց ռուսական նախագահը տվել էր իր համաձայնությունը։
Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները, այդ թվում՝ երկու երկրների միջազգային կազմակերպություններում մասնակցության միջոցով։
Սա երկու երկրների գլխավոր դիվանագետների չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Ավելի վաղ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։
Երկու բարձրաստիճան պաշտոնյաները Ֆիլիպինների մայրաքաղաքում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։