Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում ներգրավել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությանը։ Նախագծով առաջարկվում է ԱՀԾ-ին ներառել այն պետական մարմինների ցանկում, որոնք տրամադրում են համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ։
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 2, N 3 և N 4 հավելվածների 13-րդ, 17-րդ և 20-րդ կետերով սահմանված են համապատասխան եզրակացություններ և տեղեկություններ տրամադրող պետական մարմինները։ Միաժամանակ, նշված ցանկերում ներառված չէ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներում Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության ներգրավվածությունն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչը բխում է ազգային անվտանգության շահերից։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 2, N 3 և N 4 հավելվածների 13-րդ, 17-րդ և 20-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության մասնակցությունը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացներին վերաբերող իրավակարգավորումներում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումն ուղղակիորեն չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ: