ԲԴԽ-ն որոշել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր պաշտոնում չառաջարկել Տիգրան Ղազարյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակման նպատակով Հանրապետության նախագահին չառաջարկել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի թեկնածու Տիգրան Ղազարյանի թեկնածությունը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանությունից։

ԲԴԽ-ի ԲԴԽ-68-Ո-61 որոշման համաձայն՝ խորհուրդը քննարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թափուր տեղի համալրման հարցը և ուսումնասիրել թեկնածուի անձնական գործում առկա տվյալները։ Որոշման մեջ նշվում է, որ հաշվի են առնվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված 2023 թվականի 153-04 բարեվարքության եզրակացությամբ արձանագրված մտահոգությունները։

Բարձրագույն դատական խորհուրդը նշել է, որ այդ մտահոգությունները թեկնածուի վերաբերյալ առկա մյուս փաստական տվյալների հետ համադրելու արդյունքում չի հաջողվել հաղթահարել։ Այդ հիմքով ԲԴԽ-ն որոշել է Տիգրան Ղազարյանին Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։

Որոշման մեջ, սակայն, մանրամասն ներկայացված չեն, թե կոնկրետ ինչ հանգամանքների վերաբերյալ են եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրած մտահոգությունները, ինչպես նաև ինչ փաստական տվյալների համադրությամբ է ԲԴԽ-ն եկել դրանք չհաղթահարված համարելու եզրահանգման։

Տիգրան Ղազարյանի թեկնածության վերաբերյալ որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի և 115-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացում թեկնածուների մասնագիտական որակներից բացի գնահատվում է նաև նրանց բարեվարքությունը։ Այս դեպքում ԲԴԽ-ի որոշման հիմքում հենց բարեվարքության վերաբերյալ արձանագրված մտահոգություններն են եղել, որոնք, ըստ խորհրդի, բավարար հիմք են հանդիսացել թեկնածությունը չառաջարկելու համար։

ԲԴԽ-ի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակմանը հաջորդող օրվանից՝հուլիսի 22-ից։

Leave a Comment