Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար մրցախաղում Անգլիայի հավաքականը Մայամիում 6:4 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականին։
Առաջին խաղակեսում անգլիացիներն առավելության հասան 4:0 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսը։ 18-րդ րոպեին աչքի ընկավ «Աստոն Վիլայի» 28-ամյա պաշտպան Էզրի Կոնսան։
37-րդ և խաղակեսի ժամանակի ավելացված առաջին րոպեին ֆրանսիացիների դարպասը գրավեց «Արսենալի» 24-ամյա հարձակվող Բուկայո Սական։
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հաշվի տարբերությունը կրճատեց 48-րդ րոպեին։ 54-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։
66-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց։ Նա 10 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 8 գոլ։ Մբապեն 22 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։
87-րդ րոպեին Անգլիան 11-մետրանոցի իրավունք ստացավ և Սական խփեց երրորդ գոլը։
Ավելացված 6-րդ րոպեին ֆրանսիացիների չորրորդ գոլը խփեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։
Ավելացված 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին հանդիպումն անցկացրեց Դիդիե Դեշամը, որը 14 տարում նվաճեց աշխարհի չեմպիոնի, փոխչեմպիոնի և Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները։