
Կիևում նախօրեին երկրորդ օրն անընդմեջ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Միխայիլ Ֆյոդորովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու՝ նախագահի որոշման դեմ։ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության տվյալներով՝ ցույցի մասնակիցների թվում եղել են հայտնի հասարակական գործիչներ և հանրային դեմքեր։
Ֆրանկոյի հրապարակում՝ նախագահի գրասենյակի շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են «Վերադարձրե՛ք Ֆյոդորովին» և երգել Ուկրաինայի պետական օրհներգը։
Ֆյոդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ցույցեր են անցկացվել նաև մի շարք այլ քաղաքներում՝ Լվովում, Դնեպրում և Նիկոլաևում։
Ֆյոդորովը հուլիսի 16-ին՝ պաշտոնանկությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, խիստ քննադատության էր ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկուն։ Նա նաև հայտնել է, որ առաջարկել էր փոխարինել Սիրսկուն և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ֆյոդորովի և Սիրսկու միջև հակամարտության փաստը և նշել, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատուն է նաև ինքը: Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում անհնար կլիներ միաժամանակ պաշտոնանկ անել երկուսին էլ։
35-ամյա Ֆյոդորովը համարվում է ուկրաինական բանակի տեխնոլոգիական արդիականացման և անօդաչու համակարգերի զարգացման գլխավոր կողմնակիցներից մեկը։ Նրա աջակիցները պնդում են, որ ուկրաինական զինված ուժերի ռազմաճակատում գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են նրա իրականացրած բարեփոխումներով։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվհենի Խմարային հանձնարարել է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները։ Խմարան 2026-ի հունվարից Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատարն էր։ Մինչ այդ նա ղեկավարել է ծառայության «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնը։