Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. իրատեսական ժամկետներ և ընթացակարգեր

Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

«[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»,- ասաց ԵՀ նախագահը։

Վերջերս էլ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը իր ինստագրամյան էջում ցույց էր տվել, թե ինչպես է Հայաստանից բերած ծիրաններով ջեմ պատրաստել՝ ԵՄ վերջին որոշումը կապելով Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հետ։ 


«Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է՝ մի փոքր բան անելու, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել էր Կոսը։ 

Այս զարգացումների ֆոնին հայաստանյան արտադրողներին հուզող ամենակարևոր հարցն է՝ ե՞րբ ԵՄ-ի նոր որոշումները վերջնականապես ուժի մեջ կմտնեն։ 

Նախաձեռնությունից՝ օրենք. եվրոպական բյուրոկրատիայի դանդաղկոտությունը

Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։

Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure – OLP)։

Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։

Հիմա օրենսդրական առաջարկը պետք է փոխանցվի Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովներից մեկին։ 

Հոդվածի հրապարակման պահին հանձնաժողով դեռ նշանակված չէ (pending decision on the referral), սակայն ԵՄ առևտրի հարցերով, որպես կանոն, զբաղվում է Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA)։

Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։ 

ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։

Fast track՝ հայ արտահանողների համար

ԵՄ պաշտոնական տեղեկատվական բազայում օրենսդրական նախագծի առկա փաստաթղթերում հղում է արված Եվրախորհրդարանի Կանոնակարգի 58-րդ կանոնին (Rules of Procedure EP 58)։

Սա նշանակում է, որ նախաձեռնությունն ընդունվելու է պարզեցված ընթացակարգով։ 

Եվրոպական խորհրդարանի պատասխանատու հանձնաժողովը կարող է որոշում կայացնել և ընդունել Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությունը ճիշտ այնպես, ինչպես այն ներկայացվել է։ 

Եթե շատ կարճ ժամկետում որևէ քաղաքական խմբակցություն չի առարկում, նախագիծը միանգամից ուղարկվում է լիագումար նիստ՝ վերջնական քվեարկման։

Ըստ երևույթին, հայ արտահանողները ստիպված չեն լինի երկար սպասել ։ 

Իրատեսական ժամկետներ

Բայց Բրյուսելում հիմա նախաարձակուրդային մթնոլորտ է։ Տարբեր եվրոպական մարմինների աշխատակիցներ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ արդեն արձակուրդ են մեկնել։ 

Եվրոպական խորհրդարանի հաջորդ նիստը կգումարվի այս տարվա սեպտեմբերի 14-ից 17-ը։ Իսկ մեզ հուզող հարցի վերջնական քվեարկության ամսաթվերը կհաստատվեն միայն այն ժամանակ, երբ պատգամավորները վերադառնան աշխատանքի։

Եթե արագացված պարզեցված ընթացակարգով հարցի քննարկումը հարթ անցնի՝ առանց քաղաքական խոչընդոտների, Հայաստանի հանդեպ ինքնավար առևտրային միջոցների կիրառումը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը 2026-ի աշնանը։

Նախկինում նմանատիպ որոշումները, օրինակ՝ Ուկրաինայի համար, արագացված ընթացակարգով ընդունվել և օրենքի ուժ են ստացել 3-6 ամսում։

Հոդվածի հրապարակման պահին ո՛չ Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի մամլո խոսնակը, ո՛չ Եվրոպական խորհրդի առևտրային հարցերով խոսնակը դեռ չեն պատասխանել մեր հարցումներին։

Ի դեպ, նախաձեռնության փաստաթղթում տեսնում ենք, որ առաջարկվող այս միջոցները ժամանակավոր են և կիրառվելու են երկու տարի։ Իսկ բյուջետային հետևանքներ բաժնում տեսնում ենք, որ Եվրոպական խորհուրդը հաշվարկել է, որ մաքսատուրքերի չեղարկման արդյունքում ԵՄ-ն կկորցնի ընդամենը 3-5 միլիոն եվրո եկամուտ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ։ 

Նախաձեռնության երկու հավելվածներում մանրամասն ներկայացված է մաքսատուրքերից ազատվելիք ապրանքների ցանկը։

Լուսանկարում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը/Երեւան, 02.07.2026/primeminister.am



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment