
Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսի 13-15-ը Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն իսկ ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը, Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ը ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։
Հուլիսի 15-ին ուշ երեկոյան տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-18-ը հուլիսի 15-ի համեմատ ողջ տարածքում ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով։
Մինչ հուլիսի 14-ը Հայաստանի տարածքում կլինի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան, հուլիսի 16-18 գիշերը և երեկոյան առանձին հատվածներում սպասվում է ամրպոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։