Բաքվում շարունակվել է հայ գերիների գործերով վերաքննիչ բողոքների քննությունը

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս անգամ խոսքը տրվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որը շարունակել է իր ելույթը՝ սկսված նախորդ դատական նիստում։ Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի պաշտպանը, որը դատարանին խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի կայացված դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին։ Վասիլի Բեգլարյանը ևս հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի պաշտպանը՝ դատարանին խնդրելով բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։ Բակո Սահակյանը նույնպես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանում անցկացված նախորդ նիստում քննարկվել էին նաև այլ հայ գերիների վերաքննիչ բողոքները։ Այդ նիստում Դավիթ Իշխանյանը դատարանին հայտնել էր, որ ցանկանում է ներկայացնել դատական արձանագրությունների վերաբերյալ իր պատրաստած դիտողությունները։ Նրան տեղեկացվել էր, որ դրանք պետք է ներկայացվեն գրավոր և ադրբեջաներեն՝ թարգմանությունից հետո, ինչից հետո Իշխանյանը խնդրել էր հնարավորություն ընձեռել դրանք փոխանցելու թարգմանչի միջոցով։

Նույն նիստում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը խնդրել էր պայմաններ ստեղծել նորանշանակ պաշտպանին հանդիպելու համար։ Դատարանը նաև լսել էր Դավիթ Ալլահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի և Դավիթ Իշխանյանի պաշտպանների ելույթները, որոնք պահանջել էին բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռները և կայացնել արդարացման դատավճիռներ։ Ալլահվերդյանը և Փաշայանը հայտարարել էին, որ աջակցում են իրենց պաշտպանների դիրքորոշմանը, իսկ Փաշայանը հավելել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։

Leave a Comment