Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել լրատվամիջոցների հրապարակումների համապարփակ վերլուծության համար։ Համապատասխան որոշումը ստորագրվել է հուլիսի 8-ին և հրապարակվել է կառավարության կայքում։
Ըստ որոշման՝ խումբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կեսոյանը, վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի Սերգեյ Թաշչյանը, Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Այվազյանը կներգրավվեն խմբի կազմում։
Միևնույն ժամանակ, աշխատանքային խմբի կազմում ներգրավված չեն մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ կամ հաղորդակցության գծով մասնագետներ։ Armenia Today-ը հարցում է ուղարկել Կառավարության լրատվական ծառայությանը, պարզելու, թե արդյոք աշխատանքային խմբում նման մասնագետներ ներառվե՞լ են, թե ոչ, սակայն դեռ պատասխան չենք ստացել։
Խումբը մինչև հուլիսի 30-ը պետք է կառավարությանը ներկայացնի ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի համապարփակ ուսումնասիրությունը։ Որոշման բովանդակությունից պարզ չէ, թե արդյոք նա հետագայում նույնպես աշխատանքներ կկատարի, թե մշտադիտարկումը մեկանգամյա է։
Փաստաթղթում ամրագրված է, որ խմբի անդամները համակարգի մարմիններից կարող են պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ, կատարել հարցումներ, ինչպես նաև աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրել պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների:
ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, ԱՆ, ԱՍՀՆ նախարարներին և Կոտայքի մարզպետին հանձնարարվել է ապահովել աշխատանքային խմբի քննարկմանը հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությունը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել լրատվամիջոցների թափանցիկությունը և խոստացել, որ կառավարությունը կմշակի մեխանիզմ որով քաղաքացիները կորոշեն՝ որ լրատվամիջոցին, կուսակցությանը կամ հասարակական կազմակերպությանն ուղարկել հարկերից առաջացած ֆինանսավորումը։
Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն:
