Սահմանադրության փոփոխությունը մեր նախընտրական պարտավորությունն է, բայց այն Ադրբեջանի հետ չենք քննարկում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ, սակայն արտաքին քաղաքականության շրջանակում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունը, Ադրբեջանի հետ չեն քննարկվում։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը ներառված է եղել իշխանության նախընտրական ծրագրում, և այդ օրակարգը ստացել է քաղաքացիների աջակցությունը։

«Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է։ Ժողովուրդը՝ 726 հազար մարդ, քվեարկել է դրա օգտին։ Այլ հարց է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ այն իրականացվի սովորական սահմանադրական փոփոխությունների ընթացակարգով։ Բայց այդ օրակարգը կա, դա մեր նախընտրական պարտավորությունն է, և մենք պետք է վերլուծենք իրավիճակն ու դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»,– ասել է Փաշինյանը։

Leave a Comment