Հիբրիդային պատերազմները Հայաստանում՝ որպես ապատեղեկատվական սպառնալիք ընտրական գործընթացներում

Ընտրությունները ավարտվում են, բայց դրանց շուրջ տեղեկատվական պայքարը՝ ոչ։ Այսօր ընտրական գործընթացների վրա հնարավոր է ազդել ոչ միայն քաղաքական քարոզչությամբ կամ վարչական ռեսուրսներով, այլ նաև ապատեղեկատվությամբ, կեղծ նարատիվներով և սոցիալական ցանցերում իրականացվող համակարգված տեղեկատվական արշավներով։

Հենց սա է հիբրիդային պատերազմի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։ Եթե դասական պատերազմներում գլխավոր զենքը զինուժն է, ապա հիբրիդային պատերազմներում այդ զենքերից մեկը տեղեկատվությունն է։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի զեկույցում նշվում է, որ 2025 թվականի ընթացքում արձանագրվել են հիբրիդային սպառնալիքների տարբեր դրսևորումներ։ Խոսքը կեղծ հաշիվների, բոտային ցանցերի, համատեքստից կտրված տեղեկությունների, ինչպես նաև արհեստական բանականությամբ ստեղծված տեքստերի, լուսանկարների, ձայնագրությունների և տեսանյութերի կիրառման մասին է։

Սակայն խնդիրը միայն կեղծ լուրը չէ։ Ավելի վտանգավոր է, երբ իրական փաստերը ներկայացվում են կիսատ, համատեքստից դուրս կամ այնպես, որ ընթերցողի մոտ ձևավորվի բոլորովին այլ պատկերացում։ Այդ դեպքում ապատեղեկատվությունը շատ ավելի դժվար է ճանաչել։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախընտրական գնահատման առաքելությունն էլ է ուշադրություն հրավիրել Հայաստանի բևեռացված տեղեկատվական միջավայրի վրա՝ նշելով, որ արհեստականորեն ստեղծված բովանդակությունն ու արտաքին տեղեկատվական միջամտության ռիսկերը կարող են ազդել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։

Ապատեղեկատվությունը սկսվում է մեկ հրապարակումից, ավարտվում՝ հանրային կարծիքով

Այսօր ապատեղեկատվությունը հիմնականում տարածվում է Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում և YouTube-ում։ Մի հրապարակումը բավական է, որ մի քանի ժամ անց այն հայտնվի տասնյակ էջերում, հետո դառնա քաղաքական քննարկման թեմա, իսկ վերջում արդեն շրջանառվի մարդկանց մեջ որպես «լսել եմ, որ…»։

IRI-ի զեկույցում հիշատակվում են նաև Doppelganger, Storm-1516 և Matryoshka տեղեկատվական ազդեցության ցանցերը, որոնք տարբեր երկրներում կիրառվել են ապատեղեկատվական արշավների ընթացքում։

Նման արշավների նպատակը միշտ չէ, որ որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն անելն է։ Երբեմն ավելի կարևոր է մարդկանց մոտ անվստահություն ձևավորելը՝ համոզելով, որ ընտրություններն արդեն որոշված են, քվեարկությունը ոչինչ չի փոխելու կամ երկրի քաղաքական գործընթացները վերահսկվում են արտաքին ուժերի կողմից։

Երբ անվստահությունն արդեն հաղթանակ է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ ընտրությունների որակը կախված է ոչ միայն քվեարկության օրվանից, այլև ամբողջ նախընտրական միջավայրից։ Եթե քաղաքացին իր ընտրությունը կատարում է կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվության ազդեցության տակ, ապա խնդիրը միայն տեղեկատվական չէ, այլ նաև ժողովրդավարական։

Վանաձորի բնակիչ 34-ամյա Աննան ասում է, որ ընտրություններին վերաբերող տեղեկությունների մեծ մասը ստանում է Facebook-ից և Telegram-ից։ «Մի էջում գրում են, որ ամեն ինչ արդեն որոշված է, մյուսում՝ լրիվ հակառակը։ Մի պահ գալիս ես այն մտքին, որ ոչ մեկին չես կարող վստահել»,– պատմում է նա։

64-ամյա վանաձորցի Արտակի խոսքով՝ իրենց համայնքում սոցիալական ցանցերում տեսած տեղեկությունը շատ արագ վերածվում է բանավոր քննարկման։ «Մեկը մի տեսանյութ է ուղարկում, հետո արդեն բոլորը դրա մասին խոսում են։ Բայց քչերն են ստուգում՝ դա իրականում որտեղից է եկել կամ երբ է հրապարակվել»,– ասում է նա։

Այս պատմությունները ցույց են տալիս, որ ապատեղեկատվության հիմնական ազդեցությունը միշտ չէ, որ մարդկանց ստիպելն է հավատալ կեղծ տեղեկությանը։ Շատ հաճախ դրա արդյունքը պարզապես անվստահությունն է՝ լրատվամիջոցների, պետական կառույցների և նույնիսկ իրական տեղեկատվության նկատմամբ։

Ինչ կարող է անել քաղաքացին

Ապատեղեկատվությունից լիովին պաշտպանվել հնարավոր չէ, բայց դրա ազդեցությունը կարելի է նվազեցնել։ Նախքան որևէ տեղեկություն տարածելը կամ դրան հավատալը, արժե ստուգել՝ ով է հրապարակել այն, արդյոք նույն տեղեկությունը հաստատում են այլ վստահելի աղբյուրներ, երբ է այն հրապարակվել և հիմնվա՞ծ է փաստերի, թե միայն հուզական պնդումների վրա։

Եթե հրապարակումը շտապեցնում է, վախեցնում կամ պնդում է, թե «բոլորը լռում են», դա արդեն կարող է ազդանշան լինել, որ տեղեկատվությունը պետք է ստուգել առավել ուշադիր։

Ժամանակակից ընտրական գործընթացներում պայքարը միայն քվեատուփի շուրջ չէ։ Այն ընթանում է նաև հեռախոսների էկրաններին, սոցիալական ցանցերում և տեղեկատվական հարթակներում։ Հենց այդ պատճառով ընտրությունների պաշտպանությունը սկսվում է ոչ միայն ընտրատեղամասում, այլ նաև այն պահին, երբ քաղաքացին որոշում է՝ հավատա՞լ հերթական հրապարակմանը, թե՞ նախ ստուգել այն։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության եւ տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ռիմա Գալստյանը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի տեսակետները։

Լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով և վերցվել է համացանցից։

Leave a Comment