«Մեղվաբուծության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հիմնավորում և անհրաժեշտություն

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մեղվաբուծության մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2009 թվականին, սակայն դրանից ի վեր ոլորտում տեղի են ունեցել էական փոփոխություններ և զարգացումներ, որոնք պայմանավորել են գործող օրենսդրության վերանայման և կատարելագործման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, օրենքում լիազոր մարմնի վերաբերյալ առկա ձևակերպումները այլևս չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայիս կառուցվածքին և գործառույթների բաշխմանը։ Բացի այդ, օրենքի մի շարք դրույթներ շարադրված են ընդհանուր և ոչ բավարար հստակությամբ, ինչը սահմանափակում է ոլորտի գործունեության արդյունավետ կարգավորման և պետական կառավարման լիարժեք իրականացման հնարավորությունները։

Միաժամանակ, մեղվաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է անասնաբուծության կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկը, որն ունի ինչպես գյուղատնտեսական արտադրության զարգացման, այնպես էլ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովման համար կարևոր նշանակություն։ Հետևաբար, ոլորտի իրավական կարգավորումների արդիականացումն ու հստակեցումը կնպաստեն մեղվաբուծության զարգացմանը, տեղական արտադրության խթանմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, որի միջոցով կիրականացվի մեղվաբուծության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը և խթանմանը միտված ծրագրերի մշակումը և իրականացումը։                                                          

Միաժամանակ օրենքի նախագծով նախատեսվում է լրացնել նոր հոդվածներ, որոնք վերաբերում են մեղվանոցների գործունեության կարգավորմանը, մեղվափեթակների հաշվառմանը և մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացմանը։ Բացի այդ, մի շարք հասկացությունների ներառումը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը, ինչպես նաև կնպաստի ոլորտում գիտահետազոտական գործունեության զարգացմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Մեղվաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի   նախագծին հավանություն տալու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի մեղվաբուծության ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, կկատարելագործվի ոլորտը կարգավորող իրավական դաշտը և կսահմանվեն մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացման առավել հստակ մեխանիզմներ։ Միաժամանակ կճշգրտվի մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը և դրանց իրականացման շրջանակները, ինչը կնպաստի ոլորտի արդյունավետ զարգացմանը և գիտական մոտեցումների կիրառմանը։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3. Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի՝ «28. բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունից:  

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Սույն նախագծի ընդունումը պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

 

Leave a Comment