Radar-Զրույցի այսօրվա հյուրը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։
Անդրադառնալով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ, Ադամյանն ասաց.
«Ակնհայտ էր՝ ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմել ոչ թե ընտրությունների արդյունքները վիճարկելու, այլ հերթական անգամ 9-րդ գումարման Ազգային ժողովն ապալեգիտիմացնելու համար։ Ընդդիմության միակ նպատակը խորհրդարանը ոչ լեգիտիմ հայտարարելն է, ընդ որում՝ ոչ լեգիտիմ հայտարարել իշխանության ձայները։ Նույնն անում է նաև իշխանությունը․ իշխանությունն էլ ոչ լեգիտիմ է հայտարարում ընդդիմության ձայները»։
Ադամյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի վճիռը բեկանման ենթակա չէ, հետևաբար, դրա հրապարակմամբ հարցը փակվել է.
«Եթե քվեարկության արդյունքները բեկանվում են, վերաքվեարկություն պետք է լիներ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը մի քիչ տարօրինակ քաղաքական ուժ է․ մեծ մասամբ այն ավելի շատ բիզնես նախագիծ է, քան քաղաքական նախագիծ, որովհետև Գագիկ Ծառուկյանը սովորաբար հինգ տարի քաղաքականության մասին մոռանում է, ընտրություններից առաջ հիշում է, ակտիվանում է, և դժվար է այդ քաղաքական ուժը քաղաքական համարել»։
Ադամյանի խոսքով՝ ՍԴ որոշումը բացարձակապես որևէ լարվածություն կամ որևէ գործընթաց քաղաքական դաշտում չի առաջացնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
