2026 թվականի հուլիսի 6-ին ՆԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսին ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում կատարված փոփոխությունները։
Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը՝ 2026 թվականի հուլիսի 2-ին կառավարության նիստում հաստատվել է 2020 թվականի մարտի 26-ի 385 նորմատիվ որոշման մեջ փոփոխությունների նախագիծը։
2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ են մտել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նոր կարգ են սահմանում վարելու իրավունքից վարչական կարգով զրկված անձանց համար։
Եթե նախկինում վարելու իրավունքը վերականգնելու համար պարտադիր էր կրկին հանձնել տեսական և գործնական քննությունները, ապա այժմ որոշ դեպքերում դա հնարավոր կլինի անել առանց քննությունների։ Սակայն նոր կարգավորումը տարածվում է ոչ բոլորի վրա և նախատեսում է մի շարք պարտադիր պայմաններ։
Ովքե՞ր կարող են օգտվել նոր կարգավորումից
Նոր հնարավորությունը վերաբերում է միայն այն անձանց, որոնք.
- վարելու իրավունքից զրկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական ակտով,
- վարորդական իրավունքը ստացել են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից,
Այս կարգավորումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց վարելու իրավունքից զրկել է դատարանը քրեական գործի շրջանակում, որոնց վարելու իրավունքը դադարեցվել է առողջական հիմքերով կամ որոնք զրկվել են օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշմամբ։
Ինչպե՞ս է իրականացվում վերականգնումը
Զրկման ժամկետի ավարտից հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում։
Դրա համար անհրաժեշտ է.
- նախապես հերթագրվել ՆԳՆ էլեկտրոնային հարթակում,
- վճարել 50 000 դրամ պետական տուրք,
- ներկայանալ ընտրված ստորաբաժանում՝ անձը հաստատող փաստաթղթով։
Վարելու իրավունքը վերականգնվում է առանց որակավորման քննությունների, սակայն վարորդը մեկ տարի գտնվում է փորձաշրջանում։ Այդ ընթացքում նրա համար գործում է ոչ թե սովորական 13, այլ ընդամենը 6 տուգանային միավորի սահմանաչափը։ Եթե մեկ տարվա ընթացքում սպառվեն 6 միավորները, վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից մեկ տարով։ Ընդ որում, այս հնարավորությունից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։
Օրենքի կարգավորումները տարածվելու են այն անձանց վրա, որոնք վարելու իրավունքից զրկվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո։ Հետևաբար, մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վարելու իրավունքից զրկված անձինք չեն կարող օգտվել այս իրավունքից։
Ինչո՞վ է պայմանավորված հենց 2020 թվականի հունվարի 1-ը որպես մեկնարկային ամսաթիվ ընտրելը։
Դա այն օրն է, երբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է տուգանային միավորների համակարգը։
Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված այն անձինք, որոնց զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև հուլիսի 6-ը, կարող են 2026 թվականի հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։
Վերականգնումը կատարվելու է նույն պայմաններով՝ վճարելով 50 000 դրամ պետական տուրք և ստանալով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորի սահմանաչափով։
Կարևոր է․ պետական տուրքը հնարավոր է վճարել նաև անմիջապես հաշվառման-քննական ստորաբաժանումներում՝ առկա վճարային միջոցների միջոցով։
Բացի այդ, այն անձինք, որոնց վարորդական վկայականների գործողության ժամկետն արդեն լրացել է, չեն կարող ստանալ իրենց նախկին վարորդական վկայականը։ Նրանք, բացի 50 000 դրամ պետական տուրքից, պետք է վճարեն նաև վարորդական վկայականի տրամադրման համար նախատեսված պետական տուրքը, որը կազմում է՝
- 12 000 դրամ՝ պլաստիկ քարտի տեսքով վարորդական վկայականի համար,
- 6 000 դրամ՝ թվային վարորդական վկայականի համար։
Իսկ այն անձինք, որոնց վարորդական վկայականները դեռևս գործող են, այսինքն՝ դրանց գործողության ժամկետը չի լրացել, կարող են նույն վարորդական վկայականը հետ ստանալ համապատասխան ստորաբաժանումից։ Այդ դեպքում վարորդական վկայականի համար լրացուցիչ պետական տուրք վճարելու անհրաժեշտություն չի առաջանա։
1 տարվա փոխարեն 2 տարի
Մինչև վերջին փոփոխությունները, տեսական քննությունը դրական հանձնելուց հետո անձին տրամադրվում էր մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Եթե այդ մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը չէր հանձնվում, ապա տեսական քննության արդյունքները համարվում էին ուժը կորցրած։
Այս մասով որևէ փոփոխություն չի կատարվել։ Փոփոխվել է միայն գործնական քննությունը հանձնելու համար նախատեսված ժամկետը։
Այսպիսով, տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո անձը գործնական քննությունը հանձնելու համար կունենա երկու տարվա ժամկետ։ Եթե այդ ընթացքում գործնական քննությունը չհանձնվի, տեսական քննության արդյունքները, ինչպես նախկինում, կհամարվեն ուժը կորցրած։
Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է և ուժի մեջ է մտել հուլիսի 4-ից։
Եթե վարորդն ունեցել է մի քանի կարգ
ՆԳՆ-ն անդրադարձել է նաև ամենատարածված հարցերից մեկին։
Եթե վարորդը, օրինակ, ունեցել է B, C և D կարգեր, զրկվել է վարելու իրավունքից, ապա հետագայում քննությամբ վերականգնել է միայն B կարգը, նա կարող է օգտվել նոր կարգավորումից և վերականգնել նաև մյուս կարգերը։
Սակայն դրա համար անհրաժեշտ է համաձայնել, որ բոլոր կարգերը ներառվեն նույն մեկ տարվա փորձաշրջանի պայմաններում։ Այսինքն՝ փորձաշրջանը տարածվելու է ամբողջ վարորդական վկայականի վրա, այլ ոչ թե միայն մեկ կատեգորիայի։ Եթե վարորդը չի ցանկանում անցնել փորձաշրջան, կարող է ընտրել նախկին ընթացակարգը և վերականգնել իրավունքները որակավորման քննությունների միջոցով։
Ովքե՞ր կարող են դիմել արդեն այսօր
Եթե վարելու իրավունքից զրկման ժամկետն ավարտվել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, քաղաքացիները կարող են 2026 թվականի հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում դիմել և օգտվել նոր հնարավորությունից։
Իսկ եթե զրկման ժամկետը դեռ չի լրացել, անհրաժեշտ է սպասել դրա ավարտին։ Միայն դրանից հետո կսկսի հաշվարկվել դիմելու մեկ տարվա ժամկետը։ Այսինքն՝ օրենքը չի նշանակում, որ հուլիսի 6-ից բոլոր զրկված վարորդները կարող են անմիջապես դիմել. նախ պետք է ավարտված լինի վարելու իրավունքից զրկման ժամկետը։
Ինչո՞ւ է փոխվել կարգավորումը
Ներքին գործերի նախարարության ներկայացմամբ՝ փոփոխության նպատակը քննությունները պարզապես վերացնելը չէ։ Նախարարությունում նշում են, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և ընտրել այնպիսի մոդել, որի հիմքում վարորդի վարքագծի փոփոխությունն է։
Ըստ նախարարության՝ մեկ տարվա փորձաշրջանը պետք է դառնա այն ժամանակահատվածը, որի ընթացքում վարորդը կկարողանա ապացուցել, որ պատրաստ է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Այդ պատճառով էլ փորձաշրջանի ընթացքում սահմանվել է ավելի խիստ՝ 6 տուգանային միավորի շեմ։ Եթե վարորդը կրկին խախտի կանոնները և սպառի այդ միավորները, նա նորից կզրկվի վարելու իրավունքից և ստիպված կլինի այն վերականգնել արդեն ընդհանուր ընթացակարգով։
ՆԳՆ-ի գնահատմամբ՝ փոփոխությունները միաժամանակ պարզեցնում են բարեխիղճ վարորդների համար վարելու իրավունքի վերականգնման գործընթացը և պահպանում ճանապարհային անվտանգության բարձր պահանջները՝ փորձաշրջանի և խստացված բալային համակարգի միջոցով։