Փոփոխության նպատակը քննությունները հեշտացնելը կամ բարդացնելը չէ։
Եթե անձը դիմում է որևէ կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար, ապա առավել արդյունավետ և ճանապարհային անվտանգության տեսանկյունից ավելի ճիշտ է, որ նրա գիտելիքները ստուգվեն հենց այդ կատեգորիային կամ ենթակատեգորիային վերաբերող հարցերով։
Նպատակն է ստուգել այն գիտելիքները, որոնք տվյալ թեկնածուին անհրաժեշտ են լինելու համապատասխան կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու համար։
Վարելու իրավունքից զրկված անձանց վերաբերյալ օրենքի փոփոխություններին համապատասխան՝ ենթաօրենսդրական մակարդակում ևս կատարվել են անհրաժեշտ շտկումներ, և կառավարության որոշումը համապատասխանեցվել է նոր օրենսդրական կարգավորումներին։
Մինչև կառավարության որոշման ուժի մեջ մտնելը տեսական քննություն հանձնած անձինք արդյո՞ք կկարողանան օգտվել արդեն երկու տարվա ժամկետից։
Պատասխանը՝ այո։
Եթե կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը՝ մեկ տարվա ժամկետը դեռ չէր լրացել, ապա այդ անձանց համար այն ինքնաբերաբար երկարաձգվում է մինչև երկու տարի։ Այսինքն՝ եթե մեկ տարվա ժամկետը դեռ ընթացքի մեջ էր, այն փոխարինվում է երկու տարվա ժամկետով։
Սակայն եթե մեկ տարվա ժամկետն արդեն լրացել էր կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահին, այն այլևս չի կարող երկարաձգվել, քանի որ ավարտված ժամկետը հետադարձ ուժով երկարացնելու հնարավորություն չկա։
Ինչ վերաբերում է կառավարության որոշման տարբեր դրույթների ուժի մեջ մտնելուն, ապա դրանք սահմանվել են տարբեր ժամկետներով։
Վարելու իրավունքի վերականգնմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 6-ից։
Կարգերի և ենթակարգերի տեսական քննությունների հարցաշարերի առանձնացման վերաբերյալ կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Իսկ կառավարության որոշման մնացած կարգավորումները, այդ թվում՝ տեխնիկական և ժամկետային բնույթի փոփոխությունները, ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 4-ից։ Որոշումը հրապարակվել է հուլիսի 3-ին, իսկ ուժի մեջ է մտել հուլիսի 4-ին։
Այսպիսով՝
- վարելու իրավունքի վերականգնման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտել հուլիսի 6-ից,
- կարգերի և ենթակարգերի տեսական քննությունների հարցաշարերի առանձնացման վերաբերյալ դրույթները կգործեն սեպտեմբերի 1-ից,
- իսկ կառավարության որոշման մնացած կարգավորումները գործում են հուլիսի 4-ից։