Ի՞նչն է համարվում բռնություն կամ սեռական ոտնձգություն աշխատավայրում, և ի՞նչ իրավունք ունի տուժած աշխատողը. ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ոչ միայն արգելում է բռնությունը և սեռական ոտնձգությունն աշխատավայրում, այլև հստակ սահմանում է, թե ինչ արարքներ են դրանք համարվում, և ինչ իրավունք ունի տուժած աշխատողը: Ստորև Iravaban.net ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։

Արգելքը՝ որպես աշխատանքային օրենսդրության սկզբունք

Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի (բնույթի) պարտադիր կամ հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների, սեռական ոտնձգության արգելումը: Իսկ օրենսգրքի 3.3-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է՝ աշխատանքում (աշխատավայրում) բռնությունը կամ սեռական ոտնձգությունն արգելվում է:

Ի՞նչ է համարվում բռնություն աշխատավայրում

Օրենսգրքի 3.3-րդ հոդվածի համաձայն՝ բռնությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) աշխատողի կամ երրորդ անձի դեմ ուղղված բռնի կամ բռնության սպառնալիք պարունակող միանգամյա կամ կրկնվող արարք է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ֆիզիկական, հոգեկան, սեռական կամ տնտեսական վնասի կամ անձի համար թշնամական կամ նվաստացուցիչ միջավայրի ձևավորման:

Այս սահմանումից բխում են մի քանի կարևոր հետևություններ: Բռնություն է համարվում ոչ միայն կրկնվող, այլև միանգամյա արարքը: Այն կարող է տեղի ունենալ ոչ միայն բուն աշխատավայրում, այլև աշխատանքային պարտականությունների կատարման ցանկացած այլ վայրում, ներառյալ գործուղումների ժամանակ: Բացի այդ, պարտադիր չէ, որ վնասն արդեն պատճառված լինի. բավական է, որ արարքը կարող է հանգեցնել վնասի կամ թշնամական ու նվաստացուցիչ միջավայրի ձևավորման:

Ի՞նչն է համարվում սեռական ոտնձգություն

Նույն հոդվածի համաձայն՝ սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում (ներառյալ՝ սեռական բնույթի առաջարկները, հպումները), և որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի՝ աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր։

Այսինքն՝ սեռական ոտնձգությունը միայն ֆիզիկական դրսևորում ունեցող արարքը չէ. այն կարող է լինել նաև խոսքային կամ ոչ խոսքային, ներառյալ սեռական բնույթի առաջարկները:

Ի՞նչ իրավունք ունի տուժած աշխատողը

Օրենսգրքի 164-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է կարևոր երաշխիք. աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ՝ անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:

Սա նշանակում է, որ տուժած աշխատողը կարող է ամենամյա արձակուրդ ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չի աշխատել այնքան, որքան սովորաբար պահանջվում է արձակուրդի իրավունք ձեռք բերելու համար:

Արգելքը՝ կազմակերպության ներքին կանոններում

Օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են, ի թիվս այլ հարցերի, աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող հարցերը:

Հաճախ տրվող հարցեր

Եթե դեպքը տեղի է ունեցել գործուղման ժամանակ: Դա համարվու՞մ է բռնություն կամ ոտնձգություն աշխատավայրում:

Այո: Օրենքի սահմանումներն ընդգրկում են ոչ միայն աշխատավայրը, այլև աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրերը՝ ներառյալ գործուղումները:

Արարքը մեկ անգամ է եղել: Դա բավարա՞ր է, որ համարվի բռնություն:

Այո: Օրենքը բռնություն է համարում ինչպես կրկնվող, այնպես էլ միանգամյա արարքը:

Սեռական ոտնձգությունը միայն ֆիզիկական հպու՞մն է:

Ոչ: Օրենքի համաձայն՝ սեռական ոտնձգությունը կարող է ունենալ ֆիզիկական, խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում, ներառյալ սեռական բնույթի առաջարկները և հպումները:

Եթե ֆիզիկական վնաս չկա, բայց անձի համար նվաստացուցիչ միջավայր է ստեղծվել: Դա ընդգրկվու՞մ է օրենքի սահմանման մեջ:

Այո: Բռնության սահմանումը ներառում է նաև այն արարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել հոգեկան, սեռական կամ տնտեսական վնասի կամ անձի համար թշնամական կամ նվաստացուցիչ միջավայրի ձևավորման:

Եթե անձը ընդամենը մի քանի ամիս եմ աշխատում: Որպես տուժած՝ կարո՞ղ է ամենամյա արձակուրդ ստանալ:

Այո: Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ ամենամյա արձակուրդը տրամադրվում է անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Աշխատավայրում բռնության, սեռական ոտնձգության կամ աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Leave a Comment