2027 թ․-ից ուժի մեջ կմտնի Սնանկության նոր օրենսգիրքը․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար

Սնանկության օրենսգրքի կարգավորումներով վերանայվում են սնանկության վարույթների մի շարք առանցքային ինստիտուտներ՝ փոփոխվում են սնանկության շեմերը, ավելի հստակ սահմանվում է «անվիճելի պարտքի» հասկացությունը, ներդրվում է պարտքից ազատման առավել հստակ և չարաշահումները բացառող մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնվում են ֆինանսական առողջացման գործիքները։ Օրենսգիրքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ տարի անց։

Սնանկության վարույթ հարուցելու հիմքերը նոր օրենսգրքով ենթարկվել են էական վերանայման։ Մասնավորապես՝ ավելի հստակ են սահմանվում այն չափանիշները, որոնց առկայությամբ պարտքը կարող է համարվել անվիճելի և հիմք հանդիսանալ սնանկության վարույթ սկսելու համար։ Այս փոփոխությունները միտված են իրավական որոշակիության բարձրացմանը և սնանկության վարույթի հնարավոր չարաշահումների կանխմանը։

Սնանկության նոր օրենսգրքի մանրամասները Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանը։

Leave a Comment