Գյումրիում «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի գրասենյակում կայացել է համայնքային սեմինար, որի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ ընտրական բարեվարքություն, ընտրական գործընթացներ, ընտրողների իրավունքներ և պարտականություններ, առկա մարտահրավերներ, թվային տիրույթում քաղաքացիների մեդիագրագիտություն և այլն։
Քննարկամանը մասնակցել են Շիրակի մարզի բնակիչներ, այդ թվում՝ առաջին անգամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ և ընտրական փորձ ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Հատկանշական էր, որ տարբեր սերունդների միջև ընթացավ ակտիվ երկխոսություն։ Երիտասարդների տեխնոլոգիական հմտությունները համադրվում էին ավագ սերնդի կենսափորձի հետ։
Քննարկման նպատակն էր ամրապնդել մասնակիցների գիտելիքներն ու բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը ընտրական գործընթացների, մեդիադիմակայունության և նման այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ընտրողի հիմնարար իրավունքներին և դրանց պաշտպանության գործնական մեխանիզմներին։ Հատուկ ուշադրություն հատկացվեց մեդիագրագիտությանը և թվային տիրույթում անվտանգ վարքագծին, քանի որ նախընտրական շրջանում տեղեկատվական մանիպուլյացիաները կարող են էականորեն ազդել քաղաքացու ազատ կամարտահայտման վրա։ Քննարկվեցին նաև ընտրական բարեվարքության սկզբունքները՝ որպես ժողովրդավարական մշակույթի հիմք, և թվային գործիքների դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու հարցում։
«Թվային գրագիտությունը միայն երիտասարդների համար չէ. մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, նույնպես պետք է սովորենք տարբերել կեղծ լուրերը ճշմարտությունից, որպեսզի մեր որոշումը լինի գիտակցված»,-ասել է Շիրակի մարզի բնակիչը։
Հանդիպման ընթացքում տարածաշրջանային ՔՀԿ իրավաբան Վանուհի Գասպարյանը ներկայացրեց ընտրական իրավունքի իրավական կարգավորումները՝ մանրամասնելով ընտրողի պարտականությունները և բարեվարքության սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում արդար ընտրությունների համար։
«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Սարգսյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության դերին ընտրական գործընթացների վերահսկողության գործընթացում՝ շեշտադրելով համայնքային ներգրավվածության և քաղաքացիների ակտիվ մասնակցության կարևորությունը։
Տարածաշրջանային լրագրող Աննա Խաչատրյանը հանգամանալից ներկայացրեց լրագրողների մասնագիտական վարքականոնը և տեղեկատվական հոսքերի զտման մեթոդները։ Նա մասնակիցներին ծանոթացրեց կեղծ տեղեկատվության դրսևորման ձևերին, ինչպես նաև ապատեղեկատվության և քարոզչության տարբերակման առանձնահատկություններին՝ հորդորելով մշտապես ստուգել տեղեկատվության աղբյուրը։
Մասնակիցներն ակտիվորեն անդրադարձան ընտրական գործընթացների թափանցիկությանը և թվային հարթակներում տեղեկատվության ստուգման կարևորության հարցերին։ Քննարկումն անցավ ակտիվ և համագործակցային մթնոլորտում։
Մասնակիցները եկան այն եզրահանգման, որ ընտրական բարեվարքության ապահովումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին օժտված է քննադատական մտածողությամբ և տիրապետում է թվային դարաշրջանի անվտանգության կանոններին։
Սեմինար-քննարկման ընթացքում նաև կարևորվեց նմանատիպ հանդիպումների շարունակականությունը տարբեր մարզերում։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Աննա Խաչատրյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։