«Շանգրի լա»-ի կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա»՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

Հրամանագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ հրամանի՝ ընկերությունը խախտել է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի որոշմամբ սահմանված՝ շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման պայմանները, ինչի հիմքով ուժը կորցրած է ճանաչվել կազմակերպման լիցենզիան։ Մասնավորապես նշվում է, որ ընկերությունը ընդունել է կառավարության սահմանած պահանջներին չհամապատասխանող խաղադրույքներ, այդ թվում՝ Bet, Win, In և Out անվանումներով։

Կազմակերպման լիցենզիան կորցրած է ճանաչվել  2026 թվականի հունիսի 19-ին կայացված խաղային գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ արձանագրված եզրակացության հիմքով։

Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ընտրություններին մասնակցող Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո վարույթներ էին նախաձեռնվել։ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։

Ավելի ուշ ԶԼՄ-ները գրել էին, որ  Երևանի քաղաքապետարանը Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Հունիսի 19-ին ԲՀԿ-ից հայտնել էին Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տասնյակ ընկերություններում հարկային ստուգումների մասին։ Կուսակցությունը Ծառուկյանին առնչվող գործընթացները քաղաքական է անվանել։

Leave a Comment