«Եռամսյա ժամկետը խախտվել է ավելի քան յոթ ամսով»․ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Աննա Արզումանյանի գործը

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում հունիսի 19-ին քննության առնվեց Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Գործի քննության ընթացքում առանցքային վեճը վերաբերում էր աշխատանքային վեճի քննության ժամկետներին, կարգապահական վարույթի օրինականությանը և դատավորի գործողությունների գնահատմանը։ iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Նիստի սկզբում արձանագրվեց, որ դատավոր Աննա Արզումանյանը, հղում կատարելով աշխատանքային ծանրաբեռնվածությանը, խնդրել է հարգելի համարել իր բացակայությունը։ Դատարանում նրա շահերը ներկայացնում էին փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանն ու Նահապետ Սուքիասյանը, իսկ արդարադատության նախարարության կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և նախարարության ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը։

Պաշտպանական կողմը պահանջեց կարճել վարույթը

Դատավորի ներկայացուցիչները դեռևս մինչև գործի ըստ էության քննությունը միջնորդեցին կարճել կարգապահական վարույթը՝ պնդելով, որ այն հարուցվել է օրենքի խախտմամբ։

Նրանց ներկայացմամբ՝ վարույթի հիմքում դրվել է դատավարական ժամկետների խախտումը, սակայն արդարադատության նախարարությունը հարցը գնահատել է բացառապես որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում։ Ըստ պաշտպանների՝ այդ կերպ շրջանցվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի՝ ընթացիկ գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ առկա են դատական պաշտպանության իրավունքի խախտում և արդարադատության խաթարում։

Պաշտպանական կողմը նաև ընդգծեց, որ կարգապահական վարույթը հարուցվել է 2026 թվականի մարտի 30-ին, այն դեպքում, երբ տվյալ քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չէր մտել և գտնվում էր վերաքննիչ դատարանի քննության փուլում։

Նրանց գնահատմամբ՝ վարույթ հարուցելու որոշման մեջ որևէ անդրադարձ չի կատարվել դատական պաշտպանության իրավունքի խախտման կամ արդարադատության խաթարման հանգամանքներին, ուստի կարգապահական վարույթն ինքնին օրինական չէ։

Նախարարությունը պնդում է՝ խախտվել է դատավորի վարքագծի կանոնը

Ի պատասխան՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ արձանագրված խախտումը վերաբերում է դատավորի վարքագծի կանոններին։

Նախարարության դիրքորոշմամբ՝ դատավորը պարտավոր էր գործը քննել ողջամիտ ժամկետում և առանց արդարադատության շահերին վնասելու։ Նշվեց, որ կարգապահական վարույթի հիմքում ընկած քաղաքացիական գործը աշխատանքային վեճ էր, որը, ըստ օրենսդրության, պետք է քննվեր երեք ամսվա ընթացքում։

Նախարարության ներկայացրած տվյալներով՝ գործը դատավոր Աննա Արզումանյանի վարույթում գտնվել է 2025 թվականի հունիսի 18-ից մինչև 2026 թվականի ապրիլի 29-ը՝ շուրջ 10 ամիս և 10 օր, այն դեպքում, երբ օրենսդիրը նախատեսել է երեքամսյա ժամկետ։

Գևորգ Քոչարյանի խոսքով՝ խոսքը ոչ թե մեկ կամ մի քանի օրվա, այլ ավելի քան յոթ ամսվա էական ուշացման մասին է, ինչն արդեն կարող է գնահատվել որպես դատավորի վարքագծային պարտականությունների խախտում։

Եռամսյա ժամկետը կիրառելի՞ է նոր քննության ուղարկված գործերի նկատմամբ

Նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ այն հարցը, թե արդյոք աշխատանքային վեճերի համար նախատեսված եռամսյա ժամկետը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ գործը վերադաս դատարանի կողմից բեկանվելուց հետո վերադարձվում է նոր քննության։

Դատավորի ներկայացուցիչները պնդեցին, որ օրենսդիրը տարբերակում է «հայցադիմումը վարույթ ընդունելը» և «գործը վարույթ ընդունելը» հասկացությունները, ուստի եռամսյա ժամկետը չի կարող ինքնաբերաբար տարածվել նոր քննության ուղարկված գործերի վրա։

Ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչները վկայակոչեցին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածը՝ նշելով, որ նոր քննության դեպքում գործը քննվում է նույն կանոններով, որոնք նախատեսված են առաջին ատյանի դատարանում գործերի քննության համար, իսկ հատուկ ժամկետ նախատեսված չլինելու պայմաններում պետք է կիրառվի նույն եռամսյա ժամկետը։

Քննարկվեց նաև կողմերի վարքագծի ազդեցությունը

Պաշտպանական կողմը փորձեց ցույց տալ, որ գործի քննության ձգձգման պատճառներից մի մասը պայմանավորված է եղել դատավարության մասնակիցների միջնորդություններով և վերաքննիչ դատարանի կողմից նոր քննության շրջանակում առաջադրված հարցերի պարզաբանման անհրաժեշտությամբ։

Սակայն նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ նույնիսկ եթե նիստերի մի մասը հետաձգվել է կողմերի միջնորդություններով, «դատարանում գործի տերը դատավորն է», և հենց դատավորն է պարտավոր կազմակերպել դատաքննությունն այնպես, որ ապահովվի օրենքով նախատեսված ժամկետների պահպանումը։

Նրա խոսքով՝ շուրջ տասը դատական նիստերից միայն երկուսում են իրականացվել բովանդակային դատավարական գործողություններ, ինչը, նախարարության գնահատմամբ, վկայում է գործի ոչ բարդ բնույթի մասին։

ԲԴԽ-ն վարույթը կարճելու միջնորդությանը կանդրադառնա վերջնական ակտով

Խորհուրդը, խորհրդակցական սենյակում քննարկելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, որոշեց վարույթը կարճելու հարցին անդրադառնալ վերջնական ակտ կայացնելիս։

Դրանից հետո նիստը շարունակվեց ըստ էության, կողմերը ներկայացրին իրենց հիմնավորումները, պատասխանեցին խորհրդի անդամների հարցերին և ներկայացրին հակադարձ փաստարկներ։

Դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի վերջնական որոշումը դեռևս չի հրապարակվել։

Leave a Comment