ՔԿ քննիչի գործը դատարանում է․ ըստ վարույթի՝ շրջանառության մեջ է դրվել կեղծ փաստաթուղթ

ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022 թվականի մարտին, առանց վարորդի և ընթերակաների մասնակցության, կազմել է տրանսպորտային միջոցի զննության կեղծ արձանագրություն, դրանում կատարել գրառումներ և կեղծել ստորագրություններ, ապա փաստաթուղթը կցել քրեական վարույթի նյութերին՝ այն դնելով պաշտոնեական շրջանառության մեջ։ Դեպքի առթիվ 2026 թվայանի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացություն

Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով պայմանավորված կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ:
Այսպես.
Վ․Ա․-ը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2020 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 746-Ա հրամանի համաձայն նշանակված լինելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչի, իսկ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 417-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված կարգով ունեցել է նախաքննության համակողմանիությունն ապահովելու, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, քննությանն ինքնուրույնություն տալու, անհրաժեշտ որոշումներ ընդունելու և քննչական ու վարութային այլ գործողություններ կատարելու պարտականություն:
Վ․Ա․-ը, նախաքննության կատարումն իրեն հանձնարարված թիվ X քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի մարտի 16-ին, տրանսպորտային միջոցի զննություն քննչական գործողությունը կատարված լինելու և դրանով նախաքննության համակողմանիությունը, ինչպես նաև քննչական գործողությունները պատշաճ ու ժամանակին կատարելու վերաբերյալ օրենսդրական պահանջն ապահովված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վարորդ Ա.Մ.-ի, ինչպես նաև ընթերականեր Մ.Մ.-ի և Ա.Կ.-ի բացակայության պայմաններում՝ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տրանսպորտային միջոցի զննություն կատարելու մասին կեղծ արձանագրություն, որում հիշյալ անձանց փոխարեն համապատասխան գրառումներ կատարելով և ստորագրությունները կեղծելով՝ արձանագրությունը կցել է քրեական վարույթի նյութերին՝ այն դնելով պաշտոնեական շրջանառության մեջ:

Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Leave a Comment