Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցություններից հետո Վաշինգտոնում հայտարարված հրադադարի իրագործման համաձայնությունը «վերջին շանսն» է՝ վերջնական և համապարփակ հաշտության հասնելու համար։
Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների չորրորդ փուլի արդյունքներն ու հրապարակված հայտարարությունը պարունակում են Լիբանանի օգտին շատ կարևոր կետեր, և ձախողման դեպքում յուրաքանչյուր կողմ կրելու է անձնական պատասխանատվություն։
Աունը նշել է, որ պաշտոնական Բեյրութն ԱՄՆ-ին կտեղեկացնի իր դիրքորոշման մասին՝ «Հեզբոլլահ» խմբավորման և ներքին մյուս շահագրգիռ կողմերի արձագանքները ստանալուն պես։ Նա նաև հավելել է, որ հրադադարի մեկնարկի հստակ ամսաթիվը կորոշի Վաշինգտոնը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա որպես համաձայնագրի իրականացման ուղղակի երաշխավոր։
