
Օրեշկինը, իհարկե, չի մասնավորեցրել, թե ԲՐԻԿՍ-ի հիսուն տոկոս տնտեսական առաջընթացում Ռուսաստանը ի՞նչ մասնաբաժին կամ զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի։ ԲՐԻԿՍ-ի անդամ է նաև Չինաստանը, որ ԱՄՆ-ից հետո երկրորդ տնտեսությունն է, բայց նրա հզորությունը և բարեկեցությունը բացառապես ազգային արժեքներ են և ծառայում են չինաստանցիների բարեկեցությանը, Չինաստանի համաշխարհային հեղինակությանը և նրա ազդեցության տարածմանը ու ամրապնդմանը։ Այդ թվում և՝ Ռուսաստանում, հետխորհրդային տարածքում, այն տարածաշրջաններում, որտեղ ԽՍՀՄ-ը ավանդաբար գերակայություն է ունեցել։
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը «ևս երկու տարի կարձանագրի ՀՆԱ-ի անկում», կառավարության կողմից սահմանված՝ ՀՆԱ-ի տարեկան մեկ տոկոսի աճը «չի ապահովվի և կկազմի ընդամենը 0,5 տոկոս»։ Այս տեղեկությունը հրապարակել են Ռուսաստանի լրատվամիջոցները։ Ընդ որում, ճգնաժամը խորանում է նավթի բարձր գների պայմաններում։ Փորձագետները համոզված են, որ եթե նավթի համաշխարհային գները կայունանան, ապա Ռուսաստանի տնտեսությունը «կարող է մտնել ստագֆլյացիայի փուլ»։
Պետերբուրգի Միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որ լրագրողները անվանում են «ռուսական Դավոս», մեկնարկել է ՌԴ իշխանությունների համար չափազանց անբարենպաստ պայմաններում։ Նախօրեին ուկրաինական ԱԹՍ-երը գրոհել են նավթային թերմինալը, Կրոնշտադի ռազմական նավաշինարանը։ Այս ֆոնին Ռուսաստանի «տնտեսական լիակատար սուվերենության» մասին Կրեմլի պաշտոնյաների հայտարարությունները հիմնականում քարոզչական են։ Ավելի վաղ Reuters-ը, հղելով «իրավիճակին լավատեղյակ աղբյուրների», հայտնել է, որ Ռուսաստանի խոշոր տնտեսվարողները «Վլադիմիր Պուտինին հորդորել են դադարեցնել պատերազմը, քանի որ տնտեսությունը կարող է փլուզվել»։
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունից հետևում է, որ Կրեմլը այդ առաջարկությունը չի ընդունել։ Պետական դումայի կոմունիստական խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը կառավարությանը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման խնդիր է առաջադրել։ Հակառակ դեպքում, ինչպես նա է կանխատեսել, աշնանը «1917 թվականը կկրկնվի»։ Այդ դեպքում ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի։
