Բրազիլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթել է Պանամայի ընտրանուն

Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Բրազիլիայի և Պանամայի հավաքականները մրցաշարի մեկնարկից առաջ ուժերն են չափել ստուգողական խաղում։ Գոլառատ հանդիպումն ավարտվել է բրազիլացիների վստահ հաղթանակով՝ 6-2 հաշվով։

Բրազիլացիներից գոլերի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը (1), Կառլոս Կազեմիրոն (39), Ռայանը (53), Լուկաս Պակետան (60), Իգոր Տիագոն (63, 11-մետրանոցից) և Դանիլո Պերեյրան (81): Պանամայի հավաքականից աչքի է ընկել Կառլոս Հարվին (84), իսկ հանդիպման 14-րդ րոպեին բրազիլացի Մատեուս Կունյան դարձել է ինքնագոլի հեղինակ:

​Բրազիլիայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 7-ին Եգիպտոսի ընտրանու հետ։

​Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ մասնակցելու են առաջիկա Մունդիալին։ Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հայիթիի, Մարոկկոյի և Շոտլանդիայի թիմերը։

Պանամայի հավաքականը հանդես է գալու L խմբում՝ մրցելով Խորվաթիայի, Անգլիայի և Գանայի ընտրանիների հետ։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին։

Leave a Comment