
Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 27-ի նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Որոշման նախագծով փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները նախկին 6 ամսվա փոխարեն»,- ասաց նախարարի տեղակալը:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ կրթության պահանջ կա՞, նախարարի տեղակալը պատասխանեց՝ չկա, ապա պարզաբանեց. «Խոսքը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից պայմանագրային զինծառայության անցնելուն:
Զորակոչվածները, որոնք նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին, զորացվելիս ստանում էին 5 մլն պատվովճար: Ներկայումս, եթե իրենք շարունակեն ծառայությունը ևս 2 տարով, այսինքն՝ 7 տարի ժամկետով, կստանան այդ 2 տարվա համար հավելյալ 1,5 մլն դրամ, իսկ եթե շարունակեն ևս 5 տարով, կստանան ևս 5 մլն դրամ: Եթե 10 տարի ծառայեն, 10 մլն դրամ կստանան: Ստացվում է՝ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ 18 տարին լրանալուն պես, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն: Այսինքն՝ կստանան և՛ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո, ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի, կստանան նաև 10 մլն դրամ պատվովճար»:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց՝ այս տարի զորակոչվածները կարող են այս 4 ամսվա տրամաբանության մեջ այլևս չսպասել 6 ամսվան՝ դառնալով պայմանագրային զինծառայող:
Հեղինակ`Լուսինե Մուրադյան