TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի և Ռուսաստանի համար. Միրզոյան

Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Իրանում կային հարցեր TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի վերաբերյալ, քննարկվում էր երրորդ կողմի զինված ուժերի տեղակայման հարց, Իրանի մեր գործընկերները տեսել են, որ որևէ նման բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթով, բոլոր ենթակառուցվածքները լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, գործելու են ՀՀ իրավազորության ներքո և դա բացառում է նաև երրորդ կողմի տեղակայումը։ Այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա։ Նույն Իրանի համար, նույն TRIPP-ը հնարավորություններ է բերելու․ Նախիջևանից կապվելու ենք երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ։ Մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ՝ Սև ծով»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ ևս բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ, ցանկանում են մասնակցություն ունենալ։

Leave a Comment