«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք էապես կթեթեւացնեն քաղաքացիների եւ տնտեսավարողների համար ընդերքօգտագործման հետ կապված վարչական եւ ֆինանսական բեռը: Նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Փոխնախարարի խոսքով գործող օրենսդրությամբ անգամ փոքրածավալ, ոչ արդյունաբերական նպատակներով հանածոների արդյունահանումը պահանջում է ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորում, ինչը փոքր նախագծերի համար ծախսատար է եւ հաճախ տնտեսապես անարդյունավետ: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ սեփական հողամասերի սահմաններում իրականացնել ոչ մետաղական հանածոների արդյունահանում առանց հատուկ իրավունքի ձեւավորման՝ հետեւալ պայմաններով.
Տնտեսական եւ կենցաղային նպատակներ. սեփական տնտեսական կարիքների բավարարման համար՝ մինչեւ 2 մետր խորությամբ, իսկ ստորգետնյա կառույցների շինարարության դեպքում՝ մինչեւ 5 մետր խորությամբ:
Փոքրածավալ ձեռնարկատիրություն. շահույթ հետապնդող գործունեության դեպքում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով:
Շինարարական հանույթի տնօրինում. բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման ժամանակ հիմքերի փորման արդյունքում առաջացած հանույթը (հող կամ քար) կառուցապատողներին կթույլատրվի տնօրինել ազատորեն՝ նախագծային փաստաթղթերով սահմանված խորության շրջանակներում:
Ըստ Ասատուր Վարդանյանի՝ փոփոխությունները միտված են աջակցելու համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ գործունեությանը, որոնք ունեն սոցիալական եւ տնտեսական նշանակություն: Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կլուծի կառուցապատման ոլորտում առկա իրավական այն բացը, որը մինչ այժմ խոչընդոտում էր կառուցապատողներին արդյունավետորեն տնօրինել շինարարության ժամանակ առաջացող հողային զանգվածը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկները եւ կխթանի տեղական տնտեսական ակտիվությունը՝ պահպանելով ընդերքի պաշտպանության անհրաժեշտ չափանիշները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: