Ռուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբ

Ռուսաստանը մայիսի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հերթական լայնամասշտաբ հարվածներն է հասցրել Ուկրաինայի Օդեսա և Դնեպր քաղաքներին։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումների հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ:

Օդեսայում ռուսական ԱԹՍ-ները հարվածել են բնակելի շենքերի, դպրոցի և մանկապարտեզի: Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ վիրավորվել է երկու մարդ՝ 11-ամյա մի տղա և 59-ամյա տղամարդ:

Հրթիռակոծվել է նաև Դնեպրը, վիրավորվել է առնվազն 18 մարդ: Վիրավորների թվում կան երկու երեխա՝ 2 տարեկան աղջիկ և 10 տարեկան տղա: Հարված է հասցվել 24-հարկանի բնակելի շենքին, և քաղաքի տարբեր հասցեներում հրդեհներ են բռնկվել, Telegram-ում գրել է Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Այս օդային գրոհները հաջորդել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի (այդ թվում՝ Մոսկվայի մարզի) ուղղությամբ արձակված խոշոր ԱԹՍ-ների ալիքին: Ռուսական կողմը հայտարարել է տասնյակ անօդաչուների խոցման մասին, այնտեղ նույնպես արձանագրվել են ավերածություններ և զոհեր:

Leave a Comment