Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, թե Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է։
«Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը»,-հայտնել է նա՝ լրագրողների հետ զրույցում։
Նախարարի գնահատմամբ, Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, սակայն, նրա խոսքով, այնտեղ գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։
«Ռուսաստանի Դաշնությունում գներն աճել են, որը այստեղ իր ազդեցությունն է ունեցել: Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ՝ բոլոր տեղերում: Հուսով եմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա և գները կիջնեն»,- նշեց նա։