Նրանք պարզապես մարդասպաններ էին. «Բավարիայի» դարպասապահը` ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մասին

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ երկխաղյա դիմակայության արդյունքում կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին։

«Կարծում եմ՝ հարձակման գծում մեզ չէր հերիքում «մարդասպանի բնազդը», բայց, ի վերջո, մենք խաղը շահելու հնարավորություններ ունեինք։ Մենք այնքան էլ շատ հստակ պահեր չունեինք, բայց երբ դրանք ստեղծվում են… նայեք ՊՍԺ-ին՝ նրանք պարզապես մարդասպաններ էին, որոնք առաջին խաղում հինգ գոլ խփեցին։ Դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր այսօր։ Մենք մոտ էինք եզրափակիչ դուրս գալուն, բայց չկարողացանք գործն ավարտին հասցնել։

Մենք արժանիորեն նվաճեցինք Բունդեսլիգայի տիտղոսը և այժմ անհամբերությամբ սպասում ենք Բեռլինում կայանալիք Գերմանիայի Գավաթի եզրափակչին։ Բայց հենց հիմա մեզ համակել է հիասթափությունը»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Leave a Comment