Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստը․ մասնակցել են ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Անդրադառնալով գենդերային հավասարության, կանանց հիմնահարցերի ոլորտներում սահմանված առաջնահերթություններին ու սկզբունքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ընդգծել է կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց լիարժեք մասնակցության խթանման և հավասար հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Նիստի անդամներին ներկայացվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան զեկույցը․ սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, առողջապահության և այլ ոլորտներում գենդերային հավասարության ու խտրականության կանխարգելման, գենդերազգայուն մոտեցումների ձևավորման և ներառական սկզբունքների ապահովման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
Ռազմավարությամբ սահմանված պատասխանատու պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց ոլորտներում արձանագրած հիմնական արդյունքային ցուցանիշների և 2026 թվականին նախատեսվող աշխատանքների մասին։
Առաջարկներ և դիտարկումներ են ներկայացվել հանրության մեջ կնոջ դերի և ներգրավվածության բարձրացման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, կանանց զբաղվածության հարցերի շուրջ։
Կանանց հարցերով խորհրդի նիստն անցկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։