Հայաստանի վեց քաղաքական ուժ համատեղ նամակով դիմել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը՝ ահազանգելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջի մասին, հայտնել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնագահ Արմեն Աշոտյանը։
Ուղերձի հեղինակներ են ՀՀԿ-ն, «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Նրանք նախազգուշացրել են, որ Երևանում այսպիսի բարձր մակարդակի գագաթնաժողովի անցկացումը կարող է «վտանգավոր քաղաքական ուղերձ» լինել առ այն, որ Հայաստանում ժողովրդավարական նահանջն անտեսվում է ԵՄ երկրների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
«Իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ ու դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ»,- ասված է նամակում։
Քաղաքական ուժերը Եվրոպայի առաջնորդներին կոչ են արել հստակ դիրքորոշում հայտնել և պահանջել, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, դադարեցվեն Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումները, դադարեցվեն լրատվամիջոցների սահմանափակումները։
«Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»,- նշել են հայտարարության հեղինակները՝ հավելելով, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ եվրոպական արժեքների հավատարմության հավաստիությունը ներկայում վտանգված է։
Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։ Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին տեղի կունենա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։
Փաշինյանը 2025 թվականի մայիսին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են գագաթնաժողովի անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
