«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչպես էր կատալոնական ակումբը ցանկանում վերադարձնել լեգենդար Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Բրազիլացի նախկին հարձակվող Ռոմարիոյի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում իսպանացի մասնագետը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել.
«Ես փորձեցի դա անել, բայց ոչինչ չստացվեց։ Մենք հինգ ամիս շարունակ բանակցում էինք, ամեն ինչ պատրաստ էր, բայց ի վերջո ակումբի նախագահը մերժեց։ Ինձ հաջողվեց վերադարձնել Դանի Ալվեսին, մտածում էի նաև Պեդրոյի, Նեյմարի և Մեսսիի վերադարձի մասին, սակայն ֆինանսական իրավիճակն անբարենպաստ էր։ Մեսսիի գործարքը գործնականում կնքված էր, բայց նախագահը չցանկացավ այն հասցնել տրամաբանական ավարտին»։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2021 թվականին և գլխավորել թիմը մինչև 2024 թվականը։ Այդ ժամանակահատվածում նա թիմի հետ կարողացել էր նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու երկրի Սուպերգավաթը։