Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. նոր մանրամասներ Բյուրեղավանում թունավորման դեպքերից

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

«Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք: Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ 

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Leave a Comment