Եղիսաբեթ II-ը շարունակում է «ապրել» հուշանվերների վրա

Եղիսաբեթ II-ը շարունակում է «ապրել» հուշանվերների վրա

Լոնդոնում՝ Բուքինգհեմյան պալատի դիմաց գտնվող «Cool Britannia» հուշանվերների խանութում, մինչ օրս ամենապահանջվածը մնում են Եղիսաբեթ II-ի պատկերով բաժակները, սրբիչներն ու կախազարդերը։ Թագուհու մահից չորս տարի անց էլ նրա հիշատակը ոչ միայն չի մարել, այլև շարունակում է «վաճառվել»։ Մինչդեռ նրա որդու՝ Չարլզ III-ի պատկերով ապրանքները նույն հաջողությունը չեն վայելում։

Խանութի կառավարիչը նշում է՝ թագուհին այսօր էլ ավելի պահանջված է, քան թագավորը։ Եվ սա զարմանալի չէ. Եղիսաբեթ II-ը 70 տարի ղեկավարեց միապետությունը՝ սերունդների համար դառնալով կայունության խորհրդանիշ՝ սկսած հետպատերազմյան ծանր տարիներից մինչև COVID-19-ի համավարակը։ Նույնիսկ այսօր «թագուհի» ասելով՝ շատերը դեռ պատկերացնում են հենց նրան, այլ ոչ թե Քամիլային։

Չնայած քննադատություններին՝ պատմաբանները շարունակում են նրան համարել վերջին հարյուրամյակի ամենաազդեցիկ միապետը։ Նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումները ներառում են հանդիսավոր ընդունելություն Բուքինգհեմյան պալատում և հուշահամալիրի բացում։

Այսօր, երբ պատմաբանները դեռ քննարկում են նրա դերը, հասարակ մարդիկ արդեն ձևավորել են իրենց կարծիքը։ Շատերի համար նա մնում է նրբագեղության և տոկունության մարմնացում, թեև՝ ոչ առանց մարդկային սխալների։ Թերևս հենց դա է պատճառը, որ նրա կերպարը դեռ ավելի «կենդանի» է, քան ցանկացած գործող միապետինը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment