Նոր նախագիծ․ կվերանայվի բնակելի տարածքների նվիրատվության կարգը քաղաքացիների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման համապատասխան դրույթների ուժը կորցրած ճանաչմամբ, ինչի հետևանքով ներկայում անհնար է դարձել քաղաքացիների հետ բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի մեկնարկը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Նախկին Կարգով սահմանված պայմանների առկայության դեպքում քաղաքացիների մոտ ձևավորվել է իրավականորեն պաշտպանվող արդարացված ակնկալիք, որ իրենց բնակարանը կարող է փոխանցվել նվիրատվությամբ։

Այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն ունեցել իրական և բավարար հնարավորություն տեղեկանալու դիմում ներկայացնելու վերջնաժամկետի մասին կամ կանխատեսելու Կարգի փոփոխությունը, չի կարող հիմք հանդիսանալ նրանց իրավական վիճակը վատթարացնելու համար։

Քաղաքացիների կողմից նախկին Կարգով սահմանված պահանջներին փաստացի համապատասխանությունը ձևավորել է արդարացված ակնկալիք՝ բնակարանի նվիրատվությամբ փոխանցման վերաբերյալ, որի չպահպանումը, առանց բավարար իրազեկման և անցումային երաշխիքների, խախտում է իրավական որոշակիության և վստահության պաշտպանության սկզբունքները։

Կարգի համապատասխան կետերի ուժը կորցրած ճանաչումը չպետք է ունենա հետադարձ բացասական ազդեցություն այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև փոփոխության ընդունումը գտնվում էին նախկին Կարգի իրավական դաշտում և բավարարում էին դրա պահանջները։

Անցումային դրույթի ընդլայնումը վերականգնում է կանխատեսելիությունը և կանխում է կամայական տարբերակումը «դիմել հասցրած» և «փաստացի համապատասխան, բայց չդիմած» անձանց միջև։

Առաջարկվող լուծումը համաչափ միջոց է՝

մի կողմից՝ պաշտպանելու քաղաքացիների բնակարանային կայունությունը, մյուս կողմից՝ չվնասելու հանրային շահը, քանի որ խոսքը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր արդեն բավարարել են նախկին չափանիշները մինչև փոփոխության ընդունման օրը։

Քաղաքացիների փաստացի տիրապետումը և դրա նկատմամբ կայուն սպասումները դիտվում են որպես պաշտպանվող գույքային շահ, իսկ բնակարանը՝ անձնական և ընտանեկան կյանքի կենտրոն։ Այս մոտեցումները հետևողականորեն արտացոլված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում՝ իրավական որոշակիության, արդարացված ակնկալիքի և համաչափության սկզբունքների շրջանակում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:

 Կարգավորման նպատակը և բնույթը

 Կարգավորման նպատակը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպումն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը բնակչության բնակարանային խնդիրների լուծումն է:

Ֆինասական ազդեցություն

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։

Հարակից իրավական ակտեր

Նախագծի ընդունումը չի առաջացնում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն և համահունչ է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

Ռազմավարական հիմքեր

Նախագիծը բխում է՝

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից, ինչպես նաև պետական քաղաքականության՝ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքների նվիրատվության ու սեփականաշնորհման գործընթացների ավարտման ուղղություններից։

Leave a Comment