«Վերածննդի օրն է», «պատմական դաս» և «պետք է հիշել ու շարունակել ապրել». քաղաքացիները՝ Ապրիլի 24-ի մասին

Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում 1915թ․-ին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։

Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։

Միաժամանակ, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։

Իսկ հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են ուրվագծվում պատմական այս իրադարձության շուրջ։ Քաղաքացիների մի մասը  առաջնային է համարում դրա միջազգային ճանաչմանն ու պահանջատիրության ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մի մասն էլ կարևորում է ապագային միտված ծրագրերը՝ չկենտրոնանալով հենց ցեղասպանության վրա, բայց և՝ չմոռանալով այն։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ապրիլի 24-ը ընդունո՞ւմ են որպես հիշատակի օր, թե՞ այն պետք է լինի նաև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում, ինչպես տարիներ շարունակ է եղել:

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 1915-ի ողբերգույթունը անհնար է մոռանալ, և Ցեղասպանության հարցը միշտ պետք է լինի մեր երկրի թե՛ արտաքին և թե՛ ներքին օրակարգերում։

«Ապրիլի 24-ը հիշատակի օր է, որ պետք է մեր քաղաքական օրակարգերից դուրս չգա։ Մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դա ոչ թե ցեղասպանություն, այլ անցողիկ մի բան են դիտարկում»,- ասել է մի քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ կարծում են, որ անցյալում կատարվածը չպետք է անդրադառնա ժամանակակից մարդու հոգեբանության վրա՝ այն համարելով վտանգավոր անհատի և պետության կայացման համար։

«Ցեղասպանությունը մեզ համար պետք է լինի պատմական դաս, որով պետք է ամրացնենք մեր պետության սյուները։ Պետք է հիշել մեր անցյալը՝ հակառակ դեպքում հավանական է, որ այն կրկնվի»,- այսպես է ասել մեկ այլ քաղաքացի։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը ապրիլի 24-ը համարում են սգո, հիշատակի կամ ողբերգության օր և այն որևէ կերպ քաղաքականության հետ չեն կապում։ Մի մասն էլ կարծում է, որ անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է։

«Հիշել պետք է, բայց պետք չէ կառչել անցյալից, առաջ պետք է շարժվել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Որոշ քաղաքացիներ էլ գտնում են, որ ապրիլի 24-ը ինչ-որ առումով վերածնունդ է դարձել այսօր հայերի համար։

«Ապրիլի 24-ը բոլորի հայերի ծննդյան օրն է, մենք այդ նահատակների շնորհիվ ենք այսօր ապրում․ մոռանալ պետք չէ»,- նկատել է մի սփյուռքահայ քաղաքացի։

Շատ քաղաքացիներ էլ ցավում են, որ վերջին տարիներին Ցեղասպանության թեման դուրս է մղվել արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։

«Արցախի կորստից հետո քաղաքական օրակարգն ամբողջության փոխվել է, և ցավում եմ, որ Ցեղասպանության օրակարգն այսօր մի կողմ է դրաված»,– ասել է այլ մասնակից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment