Որպես կանոն անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Կառավարության որոշմամբ։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի ապրիլի 18-ին Կառավարությունը հաստատել է նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրի օրինակելի ձև։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 530-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ։
Ի՞նչ փոփոխություն է կատարվել
N 1851-Ն որոշումը վերաբերում էր նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելուն։
Նոր որոշմամբ N 1851-Ն որոշման վերնագիրը «ՉՊԱՀԱՆՋՈՂ» բառից հետո լրացվել է «, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎՈՂ» բառերով։
Ի՞նչ է հաստատվել
Որոշմամբ հաստատվել են՝
- Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի
- Նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև
N 2 հավելվածով հաստատվել է անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը։
Պայմանագիրը պարունակում է՝
- գնորդի և վաճառողի տվյալները (անուն, ազգանուն, հաշվառման հասցե, անձնագրի/նույնականացման քարտի տվյալներ),
- պայմանագրի առարկան (հողամաս, շենք, շինություններ, հասցե),
- վաճառողի երաշխավորությունները,
- անշարժ գույքի նշանակությունը (բնակելի, հողամաս, այլ),
- գինը,
- անշարժ գույքը գնորդին հանձնելու կարգը,
- էլեկտրոնային թվային ստորագրությունները։
Պայմանագիրը կողմերը ստորագրում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով։
Ե՞րբ է ուժի մեջ մտնում
Որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս անց։
Ի՞նչ առաջադրանք է տրվել
Որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը հանձնարարվել է իրականացնել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ, վերլուծել և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։
Որոշումը հրապարակվել է 2026 թվականի ապրիլի 18-ին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։