Դիվանագիտության դերը ամբողջ աշխարհում ավելի նշանակալի կդառնա, եթե առողջ տնտեսական շահերը գերակշռեն քաղաքական շահերին։ Հարավային Կովկասը դրա վառ օրինակն է. Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանը նախկինում բախվել է բազմաթիվ խնդիրների և կոնկրետ հակամարտությունների։
«Այնուամենայնիվ, ներկայում մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, կենտրոնանում ենք դիվանագիտական, պրագմատիկ լուծումների և կապերի ամրապնդման վրա։ Սա ծառայում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, այլև մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է, և աշխարհի բոլոր ազգերը պետք է հաշվի առնեն այն։ Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք», – հավելել է Կոբախիձեն։