Չի կարելի անընդհատ փոխել մարզիչներին և ակնկալել, որ հանկարծ կայունություն կհայտնվի․ Մոուրինյու

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ լոնդոնյան ակումբի ներկայիս խնդիրները ղեկավարության կայացրած որոշումների անմիջական հետևանքն են։

«Առհասարակ ի՞նչ եք սպասում «Տոտենհեմից»։ Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ, և նույնիսկ նրան, ով եվրոպական գավաթ է նվաճել։ Այստեղ երբեք չեն ունեցել մեծ ակումբին բնորոշ մենթալիտետ. նրանք ավելի շուտ անհաջողակների խումբ են՝ հաղթողների դիմակի տակ։

Չի կարելի անընդհատ փոխել մարզիչներին և ակնկալել, որ հանկարծ կայունություն կհայտնվի։ Հեռացնել մարզչին պատմության մեջ ամենակարևոր հանդիպումից մի քանի օր առաջ, իսկ հետո զարմանա՞լ նրա իրավահաջորդների պարտությունների վրա։ Ինչ-որ պահի հարցն այլևս մարզիչների մեջ չէ, այլ թունավոր միջավայրի ու ղեկավարության կասկածելի որոշումների: Տաղանդը ոչինչ է առանց բնավորության: «Տոտենհեմը» չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Official Blessing-ը՝ X-ի իր էջում։

Մոտ հինգ տարի առաջ Մոուրինյուն հեռացվեց «Տոտենհեմից» Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչից՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (0:1) ընդամենը մի քանի օր առաջ։ Ներկայումս լոնդոնյան ակումբը գտնվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի վտանգավոր գոտում։

Leave a Comment