Ճիշտ 100 տարի առաջ՝ 1926 թ. ապրիլի 14-ին, Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) ծնվել է Խաչատուր Ավետիսյանը:
Երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով նա եկել է Երևան։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա՝ Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում: Բախտ է ունեցել աշակերտելու Գրիգոր Եղիազարյանին և Էդուարդ Միրզոյանին: Նրա նախընտրած նվագարանը քանոնն էր, և պատահական չէ, որ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդելիս ղեկավարել է հենց քանոնի դասարանը:
Իբրև կոմպոզիտոր՝ իր ստեղծագործություններից շատերը գրել է հենց քանոնի համար: 1958 թվականին կյանքի կոչվեց Խաչատուր Ավետիսյանի, Գեորգի Ասատուրյանի և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի հրաշալի նախաձեռնությունը՝ հիմնադրել Հայաստանի պարի պետական անսամբլը։
Խ. Ավետիսյանը ստանձնեց անսամբլի երաժշտական ղեկավարի պարտականությունը: Այդ տարիներին ծնվեցին կոմպոզիտորի հրաշալի պարեղանակները:
Դեռևս 1950-ականների սկզբից նա հանդես էր եկել միջազգային ասպարեզում և մեծ հաջողությունների հասել:
1951 թվականին Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնում Խաչատուր Ավետիսյանը՝ որպես քանոնահար, շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ, իսկ նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում արժանացել է 3-րդ մրցանակի:
Իբրև գեղարվեստական ղեկավար՝ նա իր տաղանդն ու գեղագիտությունը ներդրեց նաև Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում: Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում նրա հիմնադրած Ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը, որը նա ղեկավարեց մինչև կյանքի վերջ, երաժիշտների հրաշալի սերունդներ տվեց:
Շուրջ 30 տարի առաջ՝ 1996 թվականի ամռանը, տաղանդավոր կոմպոզիտորը հեռացավ կյանքից 70 տարեկան հասակում:
Այս տարի լրանում է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը: Հանրային ռադիոյի ձայնային պահոցը հարուստ է կոմպոզիտորի ստեղծագործությունների արժեքավոր ձայնագրություններով՝ սկսած 1950-ական թվականներից: