14 ապրիլի 2026 – 16:46 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը պատրաստվում է ընդունել խոշոր միջազգային մրցաշար՝ հյուրընկալելով տարբեր երկրներից ժամանող մարզիկների։ Ապրիլի 25-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում անցկացվելու է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու է մոտ 500 մարզիկ՝ 30 երկրից։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով Երևան են ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան Դեյվիդ Փիքթլը, Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար, շիհան Ալեքսանդր Պիչկունովը և այլ հյուրեր, հայտնում է Factor.am-ը:
Մրցումներն անցկացվելու են տարբեր տարիքային խմբերում։ Մասնակիցների թվում լինելու է նաև Կիոկուշին կարատեի Ռուսաստանի հավաքականը, որը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցելու է միջազգային մրցաշարի։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նախկինում ևս Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։